«ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ շաբաթ օրը՝ դեկտեմբերի 18-ին, իշխանական ամբողջ էլիտան հարսանեկան խնջույքի է մասնակցել։ Ավելի վաղ գրել էինք, որ ամուսնանում է Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանի որդին։ ՔՊ-ական պատգամավորը որդու հարսանիքին հրավիրած է եղել իշխող խմբակցության բոլոր պատգամավորներին իրենց կողմնակիցների հետ միասին։ Հարսանիքին ներկա են եղել նաեւ գործադիրի անդամներ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։

«Հարսանյաց արարողության բազմամարդությունը նրանով է նաեւ պայմանավորված եղել, որ հրավիրյալները, որ մեծամասամբ իշխանության ներկայացուցիչներ են եղել, իմացել են՝ Նիկոլ Փաշինյանը, որ Ղալումյանի հետ բացի վաղեմի մտերիմներ լինելը նաեւ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ է, նույնպես ներկա է գտնվելու, հետեւաբար չեն ցանկացել «բացակա ստանալ»։ Ուրախ, բավական ակտիվ մթնոլորտում է անցել խնջույքը։ Ներկաները մի լավ «քեֆ» են արել»,- ասաց մեր զրուցակիցը։

Փաշինյանն ու թիմակիցները խնջույքի սեղանին չեն մոռացել նաեւ միմյանց կենացը խմել, գովել մեկմեկու ու երդվել, որ ՔՊ-ին ու թիմը դավաճանող որեւէ մեկին չեն ներելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում