Դեկտեմբերի 19-ին հայրենադարձված անձինք նոյեմբերի 16-ին գերեվարված զինծառայողներն են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում պարզաբանեց ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

«Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ հայրենադարձված նոյեմբերի 16-ին
գերեվարված թվով տասը զինծառայողներից երկուսը Շիրակի մարզից են »,-ասաց նա։

Անդրադառնալով ճշտող հարցին Խծաբերդի տարածքից գերեվարված քաղաքացիների հնարավոր վերադարձին վերաբերող հարցին Սիրանուշ Սահակյանն ասաց․ «Այս պահի դրությամբ նրանց վերադարձի մասով դեռ նորություններ չկան»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ իրավապաշտպանն այսօր հայտնել էր նաև, որ Ադրբեջանում հաստատված 50 գերի կա, ոչ պաշտոնական՝ ևս 80 անձ։

«Գերիների վերադարձի գործընթացը շարունակական է լինելու, հատկապես երբ կան հաստատված գերիներ: Քանի դեռ Ադրբեջանը պահում է հաստատված գերիներին, անխուսափելի է, որ վերադարձեր լինելու են։ Դրանք հիմնականում կազմակերպվում են քաղաքական գործընթացների շրջանակում. Կա՛մ Ռուսաստանը, կա՛մ ԱՄՆ-ն, կա՛մ Եվրոպական Միությունը, այլ ազդեցիկ պետություններ, իրենց քաղաքական ազդեցությունն օգտագործելով՝ կազմակերպում են գերիների վերադարձը։ Այն մասնակի է, ամբողջ ծավալով չի ապահովում։ Դա էլ միգուցե տրամաբանական է, քանի որ կան ընթացող մեծ գործընթացներ՝ քաղաքական, որտեղ ներգրաված են միջազգային դերակատարները և ահա այս պրոցեսի շրջանակներում նաև լուծվում են որոշ մարդասիրական խնդիրներ»,-ասել էր նա։