Մեկ կենտրոնի կողմից հրահանգված և հայտնի շրջանակների կողմից տարածվող թեզը, թե իբր Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը կողմ չի եղել ավտոբուսների գնմանը, ոչ միայն սուտ է, այլև քաղաքագիտական անգրագիտություն:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով շրջանառվող այն լուրերին, թե՝ ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամները սկզբում բոյկոտել են ավտոբուսների գնմանը վերաբերող նիստը, որպեսզի քվորում չապահովվի, և գործընթացը տապալվի:

Պապոյանը նաև ներկայացրել է բյուջեով Երևանին հատկացվող գումարները՝ ըստ տարիների:

«Նախ տրանսպորտի և Երևանի մյուս խնդիրների լուծումը «Իմ քայլի» նախընտրական ծրագրի մաս է, ապա առանց «Իմ քայլի» ապահոված ձայների Երևանի քաղաքապետարանում ավագանին ոչ մի որոշում չէր կարող կայացնել, այդ թվում՝ ավտոբուսների կամ վերելակների գնման: Հետևաբար, Երևանում և՛ լուծված, և՛ չլուծված խնդիրների պատասխանատուն Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունն է:

Բացի այդ, Երևանի քաղաքապետարանը այս ընթացքում ունեցել է ՀՀ կառավարության բացարձակ աջակցությունը, մասնավորապես՝ նախ սուտ է, որ քաղաքապետարանը միայն իր միջոցներով է իրականացրել այդ ծրագրերը, օրինակ՝ միայն ավտոբուսների գնման համար Կառավարությունը ս.թ. նոյեմբեր ամսին 2 մլրդ 170 մլն դրամ գումար է հատկացրել Երևանին՝ ավտոբուսների ներմուծման հետ կապված հարկային պարտավորությունները կատարելու նպատակով: Բացի այդ, 2020թ., 2021թ. և 2022թ. պետական բյուջեով Երևան քաղաքին միայն ֆինանսական համահարթեցման տրամաբանությամբ հատկացվել է 13.4 մլրդ-ական դրամ՝ յուրաքանչյուր տարի կամ ընդհանուր 30.2 մլրդ դրամ:

Ի հավելումն, միայն մի շարք ներքոնշյալ ծրագրերով 2022թ. Երևան քաղաքին կհատկացվի ևս 15 մլրդ 46 մլն դրամ՝ տարբեր միջոցառումների իրականացման համար: Նույն ցուցանիշը 2021թ. եղել է 12 մլրդ 201 մլն դրամ: Առհասարակ դոտացիայի հետ միասին 2022թ. Երևան քաղաքին բյուջեով հատկացվել է 28 մլրդ 446 մլն դրամ, իսկ 2021թ.՝ 25 մլրդ 601 մլն դրամ:

Այսպիսով.

  • Երևանի էներգաարդյունավետության բարձրացման և արտաքին լուսավորության համար 2022թ. կհատկացվի 2 մլրդ 516 մլն դրամ, իսկ 2021թ. հատկացվել է 3 մլրդ 149 մլն դրամ:
  • Երևան քաղաքի փողոցների ճանապարհաշինական աշխատանքների համար 2022թ. կհատկացվի 3 մլրդ 284 մլն դրամ, իսկ 2021թ. հատկացվել է 784 մլն դրամ:
  • Երևանում ճանապարհային երթևեկության կարգավորման համար 2022թ. կտրամադրվի 766 մլն դրամ:
  • Մետրոպոլիտենի աշխատանքի անխափան կազմակերպման համար 2022թ. կտրամադրվի 4 մլրդ 998 մլն դրամ, իսկ 2021թ. տրամադրվել է 3 մլրդ 575 մլն դրամ:
  • Վերգետնյա էլեկտրատրանսպորտի (տրոլեբուսներ) համար 2022թ. կտրամադրվի 628 մլն դրամ, այդքան էլ՝ 2021թ.ին:
  • Ջրամատակարարման ապահովման համար 2022թ. կտրամադրվի 1 մլրդ 852 մլն դրամ, իսկ 2021թ. տրամադրվել է 2 մլրդ 85 մլն դրամ:
  • Աղբահանության համար 2022թ. կհատկացվի 590 մլն դրամ, իսկ 2021թ.ին՝ 1 մլրդ 562 մլն դրամ:
  • Անշարժ գույքի պահպանման հետ կապված ծառայություններ՝ 2022թ-ին հատկացվել է 411 մլն դրամ, 2021թ.՝ 418 մլն դրամ:

Ավելի վաղ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը ևս անդրադարձել էր մամուլում շրջանառվող այն լուրերին, թե՝ ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամները սկզբում բոյկոտել են ավտոբուսների գնմանը վերաբերող նիստը: Հայտարարության մեջ ասված է, որ չնայած այն բանի, որ Կառավարության և Երևանի քաղաքապետարանի միջև կար տարակարծություն՝ կապված նոր ավտոբուսների մակնիշի հետ («Ժոնգ-Տոնգ»), այնուամենայնիվ, քաղաքական որոշում է կայացվել, և «Իմ քայլը» խմբակցությունը ապահովել է ավտոբուսներ ձեռք բերելու համար նվազագույն ձայները:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնել է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց: