00:00:00

Հանրապետականը եղել և մնում է մեր երկրի` միջազգային ամենալայն կապերն ունեցող քաղաքական ուժը. Սերժ Սարգսյան

18:53, 18 դեկտեմբեր 2021

Հանրապետականը եղել և մնում է մեր երկրի` միջազգային ամենալայն կապերն ունեցող քաղաքական ուժը և կապերի այդ լայն շրջանակը ծառայեցրել և շարունակելու է ծառայեցնել մեր պետության ու ժողովրդի ազգային շահերի սպասարկմանը: Այս մասին այսօր` դեկտեմբերի 18-ին, ՀՀԿ 17-րդ համագումարում ասել է ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: «Դուք գիտեք, որ մեր իշխանության տարիներին ես մշտապես կասկածամտությամբ եմ վերաբերվել ՀՀԿ անդամակցության աճող թվերին, համարել եմ, որ այն չի համընկնում նվիրյալ հանրապետականների թվի հետ: Ինչպես հետխորհրդային բազմաթիվ երկրներում, մեզ մոտ նույնպես, ավաղ, չհաջողվեց խուսափել բյուրոկրատացումից, կուսակցության ուռճացումից, պատեհապաշտներից: Վերջիններս, որոնց ես «տարանցիկ ուղևորներ» կբնորոշեմ, չդիմացան փորձություններին, նրանց թվաց, թե Հանրապետականի նավը վերջնականապես խորտակվում է, թե «թագավորը մահացել է», և պահն է «կեցցե՛» գոռալ նոր «թագավորին»: Գիտեք, մի հետաքրքիր օրինաչափություն կար այս ամենում՝ ում պատճառով Հանրապետականին ամենաշատն էին քննադատում, այդ նույն մարդիկ առաջիններից լքեցին մեզ և հարմար տեղավորվեցին նոր տաքուկ տեղերում: Եղել են նաև հազարավոր շարքային քաղաքացիներ, որոնց մեր որոշ նախկին   գործընկերներ պարզապես զանգվածաբար ցուցակագրում էին որպես ՀՀԿ անդամներ՝ թվերով ինձ տպավորելու համար: Կուսակցությունը ուներ ինքնամաքրման խնդիր՝ թե՛ թվաքանակի, թե՛ կառուցվածքի առումով: Տեղյակ եք, որ ամիսներ առաջ մենք նախաձեռնեցինք կուսակցության անդամների վերահաշվառման, ինչպես նաև կուսակցական ստորաբաժանումների և ենթակառուցվածքի արդիականացման գործընթաց: Մեր գործունեության մեջ այժմ, առավել քան երբևէ,  շեշտադրվել են գաղափարական ամուր հենքն ու ժառանգականությունը: Եվ ես ավելի քան համոզված եմ, որ մեր դավանած ազգային պահպանողականությունն է այն անհրաժեշտ հենքը, որի վրա հնարավոր է վերակառուցել Հայաստանը և պահել Արցախը: Հանրապետականը եղել և մնում է մեր երկրի` միջազգային ամենալայն կապերն ունեցող քաղաքական ուժը և կապերի այդ լայն շրջանակը ծառայեցրել և շարունակելու է ծառայեցնել մեր պետության ու ժողովրդի ազգային շահերի սպասարկմանը: Անգամ իշխանություն չունենալու պարագայում մենք ավելին ենք արել արտերկրում մեր դիրքերի պաշտպանության համար, քան ուսապարկերի ողջ պահեստը իր պահեստապետով հանդերձ: Կուսակցական հետագա գործունեության համար ես առաջնահերթ եմ դիտարկում հետևյալ ուղղությունները, որոնց մասին բարձրաձայնել եմ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հետ համատեղ կազմակերպած մեր վերջին հավաքի ընթացքում: Հակիրճ թվարկեմ՝ 1) կուսակցության կենտրոնական մարմնի արհեստավարժության զարգացում և ամրապնդում, 2) տարածքային կազմակերպությունների օպտիմալացում և արդյունավետության մեծացում, 3) անդամների թվի և ակտիվության փոխկապակցվածության ապահովում, 4) կուսակցության արտաքին գործունեության արդյունավետության մեծացում, 5) կուսակցության արժեքային ուղղվածության և պրակտիկ գործունեության ներդաշնակեցում, 6) ներկուսակցական ժողովրդավարության պահպանում և ամրապնդում: Մեզ համար գերակա են մնալու երիտասարդների, ուսանողների և կանանց ներուժի բացահայտման ու ներգրավման աշխատանքները, հանրության լայն շերտերին հուզող խնդիրների լուծումների որոնումները, ժողովրդի հետ անկեղծ ու բաց ամենօրյա շփումները»,- ասել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր