00:00:00

Շնորհակալությունով չէ, խոնարհվի․ Իսկական թրիլեր՝ Թալինում, որի ընթացքում համայնքապետ ընտրվեց ՔՊ թեկնածուն

18:57, 17 դեկտեմբեր 2021

Քիչ առաջ Թալին խոշորացված համայնքի ավագանու առաջին նիստում ավագանին համայնքի ղեկավար ընտրեց ՔՊ կուսակցության ներկայացուցիչ Տավրոս Սափեյանին։ Նշենք, որ Սափեյանը չպետք է ընտրվեր համայնքապետ, քանի որ ընդդիմադիր «Զարթոնք», «Հայք», «Մեր համայնք» կուսակցությունները հուշագիր էին ստորագրել՝ որպես համայնքապետի թեկնածու առաջադրելով Կարեն Գրիգորյանին՝ «Հայք» կուսակցությունից։ Այսօր Գրիգորյանը ոչ միայն ինքնաբացարկ հայտնեց, այլ նաև վճռորոշ դերակատարում ունեցավ համայնքապետի ընտրության հարցում։ Այն բանից հետո, երբ Գրիգորյանն ինքնաբացարկ հայտնեց, որպես ընդդիմության կողմից միասնական թեկնածու առաջադրվեց Դավիթ Մանուկյանը, իշխող ՔՊ-ի կողմից՝ Տավրոս Սափեյանը։ Քվեարկության ժամանակ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց բոլոր քաղաքացիներին, ովքեր իրենց կողքին կանգնել են, ապա դիմեց Տավրոս Սափեյանին․ «Տավրոս, դու գիտես, չէ՞, որ սա քո համար չի արվում, մի հատ բարձրաձայնի։ Էս ամբողջ ծանրությունը վերցնում եմ իմ վրա, ոչ մեկին վատ վիճակի մեջ չեմ դնում»։ Սափեյանը հայտարարեց, որ ամեն ինչը գիտի։ «Չգիտես, ասում եմ, որ իմանաս, հասկացա՞ր»,-ասաց Գրիգորյանը՝ նշում անելով իր քվեաթերթիկի վրա։ Քվեաթերթիկների հաշվարկի արդյունքում պարզվեց, որ Սափեյանը համայնքապետ ընտրվեց՝ ստանալով մեկ ձայն ավել, այդ ձայնը հենց Կարեն Գրիգորյանի ձայնն էր։ Համայնքի ղեկավար ընտրվելուց հետո Սափեյանը շնորհակալություն հայտնեց բոլորից․ «Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Կարենին»: «Շնորհակալություն մի հայտնի, խոնարհվի իր առաջ»,-լսվեց նիստերի դահլիճում։ «Ներողություն, ես որպես ծնող չեմ կարողանում այս մարդուն նայել»,-ասաց ներկաներից մեկ այլ մարդ։ Քվեարկությունից հետո Կարեն Գրիգորյանն արագ հեռացավ։ Դավիթ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Կարեն Գրիգորյանը պատասխանատվություն է կրում 6 հազար ընտրողի առջև․ «Երեք կուսակցությունները միացել էին, ինքը ստորագրել էր այդ հուշագրի տակ, հիմա դեմ է քվեարկել իր որոշմանը, թող ասի, թե ինչու»։ Ենթադրյալ ճնշումների մասին, Մանուկյանն ասաց, որ Գրիգորյանից պետք է հարցնել՝ միաժամանակ բացառելով, որ քաղաքական հայացքների փոփոխություն կարող է եղած լինել: Մանուկյանը նաև չբացառեց, որ կարող են մանդատները վայր դնել՝ նշելով, որ պատասխանատու են 6 հազար ընտրողի առջև, այդ պատասխանատվությունը տանելու են մինչև վերջ։ Նա ասաց, որ Գրիգորյանի պահվածքում փոփոխություն նկատել է վերջին ժամանակները, ընտրությունների ժամանակ, հուշագիրը ստորագրելու ժամանակ ամեն ինչ նորմալ է եղել։ Լուրերին, որ նրա ընտանիքի անդամներին ճնշել են, Մանուկյանն ասաց, որ դա ինքը պետք է բարձրաձայնի, եթե նման բան կա․ «Նաև ինքը պետք է պատասխանի, թե ինչու հետ կանգնեց պատասխանատվությունից, որը վերցրել ու հետ է կանգնել»։ Կոնկրետ իր առումով Մանուկյանն ասաց, որ իր հետ կապի դուրս չեն եկել․ «Եղել են դեպքեր, մի քանի մեքենայով փորձել են հետապնդել, սակայն ինձ հետ կոնտակտի դուրս չեն եկել, չեն փորձել ճնշում գործադրել, չէին էլ կարող»։ Ինչ վերաբերում Չաղ Ռուստամին, նա ասաց, որ չի ճանաչում վերջինիս, ով նրա մասին խոսել է, պետք է ինքը պատասխանի։ «Զարթոնք» կուսակցության առաջին համար Մնացական Մնացականյանը, ով այսօրվա նիստում ինքնաբացարկ հայտնեց՝ առաջարկելով քվեարկել Դավիթ Մանուկյանի օգտին, ասաց, որ հարցերին պետք է Գրիգորյանը պատասխանի․ «Մենք չենք խոսել, դա իր որոշումն է եղել, չեմ կարող ուրիշի փոխարեն պատասխանել»։ Մնացականյանի խոսքերով, Գրիգորյանը քվեարկել է ՔՊ-ի թեկնածուի օգտին, ինչը երևաց բաց քվեարկության ժամանակ։   Ինչ վերաբերում է քվեակության ժամանակ Կարեն Գրիգորյանի ելույթին, Մնացականյանն ասաց, թե չհասկացավ ինչ ասաց, ավելի լավ է Գրիգորյանից հարցնել․ «Ես լսեցի, որ նա դիմեց ՔՊ թեկնածուին ու ասաց, որ վերջինս պետք է իմանա, թե ում խաթր է այդ ձայնը տալիս։ Եթե որևէ մեկի խաթր որևէ մեկը կարող է 6 հազար մարդու ձայն ոտնատակ տալ․․․ սա 29 համայնքի ընտրողի խնդիր է»։   Մնացականյանը չգիտի՝ ճնշումներ եղել են, թե՝ ոչ, հարցերին պետք է Գրիգորյանը պատասխանի։ Presstime.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր