Սխալ է ասել որ պատերազմն ավարտվել է, քանի որ այն տեղայնացվել է։ Ունենում ենք կրակոցներ, մարդիկ են սպանվում, այդ թվում քաղաքացիական անձինք։ «Մարդու իրավունքների խախտումներն Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում» զեկույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Մարդու իրավունքների պաշտպանը նշեց, որ կարևոր է հասկանալ, թե որտեղ են խնդիրներն ու իրավունքների խախտումների համար իրական պատճառները որտեղ են, որ նպաստեն դրանց կանխարգելմանը։

Արման Թաթոյանն ընդգծեց, որ պատերազմից հետո ադրբեջանական զինված ուժերը հայտնվել են մեր գյուղերի հարևանությամբ, մեր համայնքների միջև ճանապարհներին, ինչի պատճառով ինտենսիվացել են մարդու իրավունքների խախտումները։

«Կրակոցներ, ահաբեկչական բնույթի արարքներ, գողություններ են կատարվում, ճանապարհների փակման հետևանքով մտադրված, ադրբեջանական իշխանությունների կազմակերպմամբ մեր գյուղերը հայտնվել են մեկուսացման լուրջ խնդիրների առաջ»,-ասաց Արման Թաթոյանը։

Նրա խոսքով ադրբեջանական իշխանությունների ատելության ու թշնամանքի քաղաքականությունը բացահայտ ցեղասպան բնույթ ունի, և այդ հետևությունը հիմնված է լիարժեք ապացույցների վրա։

Մարդու իրավունքների պաշտպանը նկատեց՝ գովերգվում է այլընտրանքային ճանապարհը, բայց դրանք դիտարկվում են ադրբեջանական զինված ուժերի կողմից։

«Աչքի տեսանելիությամբ հնարավոր է տեսնել։ Մարդիկ պատմում են, որ 90-ականներին օրինակ Կապան-Ճակատեն ճանապարհին դիպուկահարներով կրակոցներ են արձակվել, և նրանց ներկայության պատճառով ոչ միայն եղած գյուղերն էին դիտարկվում, այլ ավելացել են նորերը։ Օրինակ Գեղանուշ գյուղն ամբողջությամբ հայտնվել է դիտարկման ներքո, հետևաբար ճիշտն արդբեջանական զինված ուժերի ներկայացուցիչներին հեռացնելու քաղաքականությունն է»,-ասաց Արման Թաթոյանը։