00:00:00

Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Կասիմ-Ժոմարտ Տոկաևին և Նուրսուլթան Նազարբաևին

21:01, 16 դեկտեմբեր 2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին և Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին՝ Անկախության տոնի կապակցությամբ։ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին ուղղված շնորհավորական ուղերձում նշված է. «Հարգելի Կասիմ-Ժոմարտ Քեմելի, Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս և լավագույն բարեմաղթանքներս Ղազախստանի Հանրապետության Անկախության 30-ամյակի առիթով։ Վերջին երեք տասնամյակի ընթացքում Ղազախստանը նշանակալի հաջողությունների է հասել քաղաքական և սոցիալ-տնտեսական բնագավառներում, իր արժանի տեղն է զբաղեցրել միջազգային ասպարեզում։ Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերը միտված կլինեն Հայաստանի և Ղազախստանի միջև արգասաբեր համագործակցության հետագա զարգացմանը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ինտեգրացիոն միավորումների և բազմակողմ կազմակերպությունների շրջանակում, ինչը լիովին բխում է մեր երկրների ժողովուրդների շահերից։ Հարգելի Կասիմ-Ժոմարտ Քեմելի, Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարօրություն և հաջողություններ, իսկ Ղազախստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»։ Նուրսուլթան Նազարբաևին ուղղված ուղերձում ասված է. «Հարգելի Նուրսուլթան Աբիշի, Ջերմորեն և սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ղազախստանի Հանրապետության Անկախության 30-ամյակի կապակցությամբ։ Պետական անկախության հռչակումից ի վեր ընկած ժամանակաշրջանում Ղազախստանը համընդհանուր ճանաչելի հաջողություններ է արձանագրել երկրի քաղաքական, սոցիալ-տնտեսական զարգացման և միջազգային ասպարեզում լայն ներկայացվածության ապահովման ուղղությամբ։ Եվ անվիճելի է Ձեր անձնական ներդրումն այս գործում։ Վստահ եմ, որ Հայաստանի և Ղազախստանի ժողովուրդների բարեկամության և փոխադարձ հարգանքի լավ ավանդույթները մշտապես ուղենիշ են լինելու միջպետական հարաբերությունների առաջընթացի համար թե՛ երկկողմ ձևաչափով, թե՛ ինտեգրացիոն միավորումների և միջազգային կազմակերպությունների շրջանակում։ Հարգելի Նուրսուլթան Աբիշի, Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և բարեկեցություն, իսկ Ղազախստանի բոլոր քաղաքացիներին՝ խաղաղություն և բարգավաճում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր