Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունները տեղյակ չեն Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու ՔՊ-ի որոշումից ու նախաձեռնած ստորագրահավաքից։ Հիշեցնենք, որ լրատվամիջոցներից մեկի հրապարակման համաձայն քաղաքապետարանի ավագանու անդամներից  48-ը համապատասխան ստորագրություն են հավաքել, ընդ որում, ոչ միայն իշխանական խմբակցությունից։ Մինչդեռ Irakanum.am-ի հետ զրույցում ընդդիմադիր «Լույս» խմբակցությունից Թեհմինա Վարդանյանն ու Անի Խաչատրյանը փոխանցեցին, որ իրենք որեւէ ստորագրահավաքից տեղյակ չեն, իրենց նման առաջարկ չի եղել։

Պաշտոնական առաջարկ ԲՀԿ խմբակցությունը ևս չի ստացել։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության քարտուղար  Մարկոս Հարությունյանը։ «Պաշտոնական առաջարկ չի եղել, մեր խմբակցությունը դիրքորոշում չունի։  Երբ ստանանք օրակարգը,  ֆրակցիան նիստ կանի, և որոշում կկայացնի»,- ասաց Հարությունյանը։

Նշենք, որ Երևանի ավագանիում իշխող «Իմ քայլը» խմբակցությունն ունի 54 ավագանի։ ԲՀԿ ավագանու անդամների թիվը 5-ն է, իսկ «Լույս» խմբակցությանը՝ երեք։

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության մի քանի անդամներ դուրս են եկել խմբակցությունից և հանդես են գալիս, որպես ավագանու անկախ անդամներ։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն էլ մեզ հետ զրույցում հայտնեց, որ տեղյակ չէ որեւէ ստորագրահավաքից։

Irakanum.am