00:00:00

Պատրաստվում ենք Սահմնադրական փոփոխությունների․ Անդրեասյան

22:15, 15 դեկտեմբեր 2021

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը շարունակում է ամեն տեղ խոսել սահմանադրական նոր բարեփոխումների մասին։ Նախօրեին նա Իտալիայում հանդիպել է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ եւ նրա հետ էլ քննարկել վեթթինգին առնչվող, ինչպես նաև դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու օրենսդրական լրացուցիչ հնարավորությունների հարցեր։ Արդարադատության նախարարությունից մեզ տեղեկացրին, որ նախատեսվում է ստեղծել սահմանադրական բարեփոխումների խորհուրդ և մասնագիտական հանձնաժողով: «Որոշման նախագծի համաձայն խորհրդում ներգրավվելու են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, ով նաև ի պաշտոնե հանդիսանալու է խորհրդի նախագահը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, Մարդու իրավունքների պաշտպանը, մեկական պատգամավոր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի յուրաքանչյուր խմբակցությունից, մեկ ներկայացուցիչ Բարձրագույն դատական խորհրդի կազմից, Հայաստանի Հանրապետության ութերորդ գումարման Ազգային ժողովի մանդատների բաշխմանը չմասնակցած կուսակցությունների (կուսակցությունների դաշինքի) կողմից առաջադրված երեք ներկայացուցիչ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպությունների կողմից առաջադրված երեք ներկայացուցիչ: Խորհրդի կողմից մրցութային ընթացակարգով ձևավորվելու և գործելու է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով՝ կազմված հինգ անդամից: Հանձնաժողովի կազմում ընդգրկվելու են իրավաբանական գիտությունների դոկտորի, իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան կամ օտարերկրյա պետությունում իրավագիտության մագիստրոսի որակավորման աստիճան և իրավունքի ոլորտում առնվազն յոթ տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն ունեցող իրավաբաններ: Խորհրդի որոշմամբ հանձնաժողովի անդամներից երկուսը կարող են հանդիսանալ խորհրդի սահմանած չափանիշները բավարարող այլ ոլորտի մասնագետներ»,-նշեցին նախարարությունից։ Նշենք, որ խորհրդի քննարկման օրակարգում կլինի, օրինակ, թե որ պետական կառավարման ձևն է անհրաժեշտ՝ խորհրդարանական, նախագահական, թե կիսանախագահական։ Այս տարվա մարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, որ հոկտեմբերին պետք է աշխատեն հանրաքվեով ընդունել նոր Սահմանադրություն կամ սահմանադրական փոփոխություններ. «Եվ ի վերջո կիսանախագահական կառավարման համակարգի անցնելը հնարավոր տարբերակներից մեկը պետք է լինի»: Նշենք, որ Հայաստանը լիարժեք խորհրդարանական կառավարման անցավ ընդամենը 3 տարի առաջ՝ 2018-ին՝ համաձայն 2015 թվականին փոխված Սահմանադրության։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր