ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ալիևի հայտարարությանը, ըստ որի, եթե Հայաստանը «պնդի «Մեղրիի միջանցքը»-ում մաքսակետ դնելը, ապա Ադրբեջանն էլ մաքսակետ կտեղադրի Լաչինի միջանցքում»։

«Սա գործընթաց է, որն Ադրբեջանի իշխանությունները, միապետ Ալիևը շարունակում են  իրականացնել և ճնշումներ գործադրել ՀՀ իշխանությունների նկատմամբ։ Ճանապարհների ապաշրջափակման գաղափարը չի կարելի կապել Լաչինի միջանցքի հետ, որը կապ ունի Արցախի ժողովրդի՝ իր իսկ տարածքում կենսունակության, անվտանգության ապահովման խնդիրների հետ։ Մենք ասել էինք, որ սահմանազատման ու սահմանագծման վերաբերյալ քննարկումներն ուղղված էին հենց դրան, որպեսզի մենք զերծ պահեինք այսօրվա իշխանություններին, որպեսզի թույլ չտային հակառակորդին՝ իրականացներ «միջանցքի» գաղափարը։ Մենք միշտ ասել ենք, որ ապաշրջափակումն առանց ստեղծված պայմանների, առանց ճշգրիտ ուսումնասիրությունների՝ մեծ վնաս է հասցնելու Հայաստանին ու Արցախին։ Ճանապարհների ապաշրջափակումը բերելու է Հայաստանի խորը շրջափակման, տնտեսական ճնշման և ժողովրդագրական պատկերի փոփոխության»,- նշեց Սեյրան Օհանյանը։

Անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությանը՝Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները կարգավորելու համար հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին, Սեյրան Օհանյանը նկատեց՝  «Հայաստան» դաշինքը դեմ չէ ո՛չ խաղաղությանը, ո՛չ սահմանազատմանը,  և ո՛չ էլ հարևանների հետ համապատասխան հարաբերություններ ձևավորելուն, սակայն յուրաքանչյուր գործընթաց իր ընթացակարգերն ունի։

«Ես այսօր չեմ տեսնում, որ Հայաստանի նկատմամբ Թուրքիայի ու Ադրբեջանի վարած քաղաքականությունն  արտահայտած հռետորաբանությամբ, իրենց երկրի ներսում հայատյացությամբ պատրաստ են խաղաղության։ Պետք չէ վախենալ Ադրբեջանից ու Թուրքիայից, եթե Ժիրայր Լիպարիտյանն ասում է, որ չի վախենում, ապա մենք վաղուց չենք վախենում, նախորդ պատերազմի ժամանակ էլ չենք վախեցել»,- եզրափակեց նա։