Yerevan.Today-ի տեղեկություններով, երեկ երեկոյան «Վեդի ալկո» գործարանի տարածքում ծեծի է ենթարկվել «Վեդեցի Գոջ» մականվամբ հայտնի Գագիկ Հակոբյանը, ով դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում գլխավորում էր Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամ Զավենիչի ղեկավարած «Հանրապետություն»  կուսակցության ավագանու ցուցակը: Պատճառները միանգամայն քաղաքական են․ բանն այն է, որ «Վեդեցի Գոջը» համառորեն հրաժարվում է կոալիցիա կազմել իշխանական Քաղպայմանագիր կուսակցության ավագանու հետ ու այդպիսով աջակցել Փաշինյանի սանիկ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանին, որպեսզի նա դառնա Վեդու խոշորացված համայնքի ղեկավար։ Վեդու համայնքապետ դառնալու շանսն ընդդիմության ձեռքում է: Վեդու ՏԻՄ ընտրություններում դեկտենմբերի 5-ին  հաղթել է ընդդիմությունը՝ Սպարտակ Թաթիկյանի դեմքով,  պարտվել է Փաշինյանի քաղաքական թիմը՝  կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ․  նա էր իշխանության թեկնածուն Վեդու ՏԻՄ ընտրություններում:

Ի դեպ, ծեծի միջադեպի ահազանգի հետքերով, ըստ մեր աղբյուրի, երեկոյան ոստիկանները շտապել են դեպքի վայր, և խիստ ուշագրավ է, որ «Վեդի ալկո» գործարանի տարածքից  ոստիկանական բաժին բերման են ենթարկել միմիայն ծեծվողին՝ «Վեդեցի Գոջին», այսինքն՝ նրա հետ Վեդու ոստիկանական բաժին չի բերվել թեկնածուին հաշվեհարդարի կամ քաղաքական «բազառների» համար գործարանի տարածք կանչած, ենթադրաբար ծեծի ու ճնշումների ենթարկած անձը  կամ անձինք:

Ընդգծենք, Ոստիկանությունում թեման «ջրվել է», որ «կոկորդիլոսագետ» Գարիկի հետ առնչվող հերթական սկանդալը չպայթի: Փաստացի Yerevan.Today-ի հետ զրույցում հաստատվեց այս ամբողջ տեղեկատվությունը, բայց ոստիկանության լրատվական բաժնից հատուկ զգուշավորությամբ խառը նախադասություններով մեկնաբանեցին «Վեդեցի Գոջի» հետ կատարվածը: Ըստ  լրատվական բաժնի պաշտոնական  մեկնաբանության՝ «Նման ահազանգ կամ հաղորդում ոստիկանություն չի ստացվել»: Այդուհանդերձ, իմ ճշտող հարցին՝ հերքու՞մ եք, որ երեկ ուշ երեկոյան Գագիկ Հակոբյանը բերման է ենթարկվել ոստիկանության Վեդու բաժին, նա չի՞ գտնվել այնտեղ, այս հարցապնդումից հետո ոստիկանության լրատվականից ստացված երկրորդ լղոզված պատասխանը հաստատեց միջադեպի մասին ինֆորմացիան. «Ոստիկանությունը որոշակի  տեղեկատվություն է ստացել  Ձեր նշած անձի հետ լարվածության մասին և ձեռնարկել է կանխարգելիչ միջոցառումներ միջադեպը կնախելու համար»:

Yerevan.Today-ը կապ հաստատեց ծեծի ենթարկված թեկնածուի՝ Գագիկ Հակոբյանի հետ․ նա  ակնհայտ ճնշված  ձայնով ասաց, որ հրաժարվում է խոսել այդ մաիսն և չի ցանկանում որևէ լրատվամիջոցի պարզաբանում տալ: Ընդգծենք՝ ծեծի ենթարկվելու մասին հարցը հնչեց, նաև հնչեց քաղաքական ճնշումների ենթարկվելու մասին հարցադրումը, բայց ակնհայտորեն նա ոչ միայն հրաժարվեց պատասխանել հարցերի, նաև չհերքեց իրեն ծեծի ենթարկելու մասին տեղեկատվությունը:

«Վեդի ալկո»-ի սեփականատեր, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Ղազարյանը մեր զանգերն անպատասխան թողեց, որից հետո կապ հաստատեցինք գործարարի որդու՝ Անդրանիկ Ղազարյանի հետ, ով համակարգում է «Վեդի ալկո» խմիչքի գործարանի աշխատանքը:

Նա ամեն երկրորդ նախադասությունը ձևակերպելուց առաջ միանգամից շտապում էր հերքել լուրը՝ ասելով, որ սուտ է, չկա նման բան, ընդ որում՝ չսպասելով մինչև վերջ հնչեցնելու և լսելու հարցադրումը: Գործարարի որդու հետ զրույցն ավարտվեց ամեն բան հերքելով, միայն վերջում ընդգծեց․ «Մենք հերքում ենք, ոչ մեկը իրեն ծեծի չի ենթարկել, ոչ էլ մեր մոտ միջադեպ է գրանցվել, ես էլ ոչ մի բանից տեղյակ չեմ․ մենք Գոջի հետ ընկերներ ենք, ամեն օր էլ հանդիպում ենք։ Այսքանը… Ավելացնելու բան չունեմ, ես ու եղբայրս իր քարոզարշավի հանդիպումներին մասնակցել ենք, չմանրանանք, էլի, ցավդ տանեմ, ես պատասխանեցի ձեր բոլոր հարցերին»,- ասաց ու անջատեց  հեռախոսը՝ խուսափելով մեկնաբանել մեր ստացած թարմ տեղեկատվությունը, որ ծեծի միջադեպից հետո «Գոջն» իր ողջ ավագանու կազմով ինքնաբացարկի հայտարարություն է պատրաստվում հայտնել ու պահանջել, որ ԿԸՀ-ն Վեդիում նոր ՏԻՄ ընտրություններ նշանակի:

Ստացվում է՝ Մանվել Ղազարյանի տարածքում իր իսկ ընկերոջ՝ Արամ Զավենիչի կուսակցության թեկնածու «Գոջին» ծեծի են ենթարկում, ու քաղաքական հաշվեհարդարի հետևանքը լինում է քաղաքական հայտարարությունը: Ամեն դեպքում, տեղկություններ կան, որ ընդդիմադիր «Հզոր համայնք» կուսակցության ավագանու ցուցակը գլխավորող Սպարտակ Թաթիկյանից իշխանությունը խլել է ժամեր առաջ՝ կոնսեսուսի համար:

Նշենք․ միջադեպի պատճառը քաղաքական գործընթացներն են, նախօրեին գրել էինքոր Վեդիում հետընտրական կրքերը չեն հանդարտվում, դանակահարություն, կոալիցիոն սխեմաների համար Կուլիսներում ակտիվ պրոցեսներ են ընթանում։ Իշխանությունն ամենօրյա ռեժիմով հոգեբանական ճնշումների է ենթարկում Արամ Զավենիչի կուսակցության ցուցակով առաջադրված Վեդու համայնքի ղեկավարի թեկնածուին։ «Վեդեցի Գոջը» դեկտեմբերի 17-ի կայանալիք  ավագանու 1-ին նիստին հրաժարվում է հայտարարել, որ կոալիցիա կկազմի երկրորդ տեղն զբաղեցրած ՔՊ ավագանու կազմի հետ: Նա իր «Հանարապետություն» կուսակցության ավագանու ցանկով հավաքեց 3346 ձայն, ու քվեների արդյունքներով երրորդ ուժն է համարվում․ ուստի քանի որ ընդդիմությունն իր 8668 ձայնով թեև առաջատար է, բայց  50 + տոկոս չի կազմում, չի կարողանում դառնալ մեծամասնություն, հետևաբար կախված է «Գոջի» քմահաճույքից: Բացառապես նրա կամքից է կախված՝ Գարիկ Սարգսյանը կդառնա՞ Վեդու համայքապետ, թե իշխանությունն ավտոմատ ակնցնի ընդդիմության ձեռքը:

Ըստ շրջանառվող վարկածի, Գագիկ Հակոբյանը հակված էր աջակցել ընդդիմությանը ու որպեսզի փաշինյանի թիմը ուրբաթ օրը ավագանու նիստին տհաճորեն փաստի առաջ չկանգնի, որոշվեց, փաստորեն, այս միջադեպով փոխել իրերի դրությունն իշխանությանը ձեռնտու ձևով: Դեկտեմբերի 17-ին կայանալիք ավագանու 1-ին նիստից առաջ  ծեծի միջադեպով լուծվել է երկու հարց։ Ըստ այդմ, Արամ Զավենիչի «Հանրապետություն»  կուսակցությունն ու իշխող ՔՊ-ն եկել են ներքին համաձայնության, այսօր մինչև 18։00-ն դիմելու են ԿԸՀ՝ չեղյալ հայտարարելու Վեդու ՏԻՄ ընտրությունները և նորից նոր ընտրություներ նշանակելու պահանջով: Ստացվում է՝ գաղթակղիչ առաջարկներով Զավենիչի թիմի առաջնորդած «Վեդեցի Գոջը» չգնաց պաշտոնով կաշառվելու գործարքին, ինչի մասին գրել էինք ավելի վաղ, բայց ֆիզիկական ճնշումները նրա վրա ազդեցին,  «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի համար խնդիրը լուծվեց։ Ըստ մեր աղբյուրի՝ առաջիկա օրերին նա կնշանակվի Վեդու քաղաքապետի ժպ ու իր գլխավորությամբ վարչական լծակներով կանցկացվեն Վեդու խոշորացված համայնքի նոր ընտրություններ: