Նոյեմբերի 16-ին ՀՀ արևելյան սահմանում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով գերեվարված զինծառայողների հարազատները գրեթե երեք շաբաթ պատկան մարմիններից կոնկրետ տեղեկություններ ստանալ չէին կարողանում հարազատների մասին։ Ոմանք նույնիսկ վստահ չէին՝ արդյոք գերության մեջ են իրենց հարազատները, թե ոչ։ Օրերս Ադրբեջանն ի վերջո հաստատել է գերիների ցանկը ու Կարմիր Խաչի ներկայացուցիչները վերջապես հնարավորություն են ստացել այցելել՝ Բաքվում գտնվող ու հաստատված բոլոր ռազմագերիներին։

Նոյեմբերի 16-ին գերեվարված շիրակցի զինծառայողը գրեթե երեք շաբաթ անց կապ է հաստատել ընտանիքի հետ։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց զինծառայողի կինը։ Մի քանի րոպե տևած զրույցով գերեվարվածը շատ բան չի հաղորդել ընտանիքին։

«Խոսել ենք իր հետ։ WhatsApp-ով է զանգել, բայց առանց տեսազանգի։ Մոտ երկու, երեք րոպե խոսել ենք, իր ասելով լավ են, ամեն ինչ լավ է, նորմալ է՝ ավել ոչ մի բան»։

Զինծառայողի կնոջ փոխանցմամբ՝ Բաքվում շարունակվում է պահվել 21 զինծառայող, որոնք գերեվարվել էին նոյեմբերի 21-ին։ Գերու կինը նաև կապի մեջ է նույն օրը գերեվարված մյուս զինծառայողների հարազատների հետ, նրանք ևս անակնկալ զանգ ստացել են հարազատներից։

Ըստ նրա՝ անհետ կորած համարվող մի շարք զինծառայողների՝ իրականում գերության մեջ լինելը հաստատվել է ու շատերի հարազատները եւս նրանց հետ կապ են հաստատել։

Տեղեկություններ են շրջանառվում, որ դեկտեմբերի 15-ին հնարավոր է գերիների նոր խմբի վերադարձ, ինչի մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել է նաեւ գերեվարված զինվորի կինը՝ նշելով, որ դա պարզ կլինի Փաշինյան-Ալիեւ հանդիպումից հետո։

«Ոչ մի բան աշխատանքներից չգիտենք, սպասում ենք։ Զանգում ենք, իրենք էլ են ասում՝ սպասեք մինչև ամսի 15-ի Փաշինյան-Ալիև հանդիպումը, հանդիպումից հետո նոր պարզ կլինի, դրանից առաջ ոչ մի բան»,- ասաց մեր զրուցակիցը։

Ավելի վաղ հատնի էր դարձել, որ Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները համաձայնել են հանդիպել դեկտեմբերին 15-ին Բրյուսելում` ԵՄ Արևելյան գործընկերության համաժողովում:

Գերեվարվածի Կինը նաև անդրադարձավ Քննչական կոմիտեի այն հաղորդագրությանը, թե ադրբեջանական գերությունից Հայաստան վերադարձած 10 գերիներից 4-ը կալանավորվել են՝ նոյեմբերի 16-ին, Սյունիքի ու Վայոց Ձորի սահմանագոտում ծավալված մարտերի ժամանակ դիրքերը թողնելու և փախուստի դիմելու համար։ Կնոջ պնդմամբ, վաղ էր նման հաղորդագրություն տարածելը։

«Նրանց հարազատների հետ կապ ունեմ, կարծում եմ, որ հիմա հաստատ պետք չէր ձերբակալումները՝ նման ձև, միանգամից»։

Գերեվարված զինծառայողի կինը ավելի վաղ հայտնել է, որ նոյեմբերի 16-ին ադրբեջանական ալիքներում տարածված լուսանկարով է ամուսնուն ճանաչել, իմացել, որ գերեվարված է, ապա տեղադրել էր սոցկայքում, որից հետո ադրբեջանական կողմը ակտիվ տեսանյութեր էր սկսել տարածել, որտեղ երևում էր նաև ամուսինը։