Իշխան Զաքարյանը դուրս չի եկել «Պատիվ Ունեմ» դաշինքից: Իշխան Զաքարյանին այնտեղից դուրս են քաշել ու իր, բնօրինակից ահագին տարբերվող, հայտարարության վերջնական տեքստի մեջ ամեն ինչ բացատրված է: Թեպետ սա կլիներ խիստ օրինաչափ ու տրամաբանական, նույնիսկ եթե նա ոչինչ չասեր:
Տեսեք, մենք ունենք իրավիճակ, որտեղ Ազգային Ժողովում Հայաստանի կապիտուլյացիային Ռուսաստանի համար շատ հարմար քաղաքական ու իրավական կնիք դնելու համար շատ ճշգրիտ կազմ էր հավաքվել: Կա նենգ, հայրենադավ իշխանություն, որը չգիտես ոնց ստանում է ժողովրդի մեծամասնության քվեն, ու կա սկզբունքային, անկոտրուն ընդդիմությունը, որը ջանք չխնայելով պայքարում է, բայց` անընդհատ հերոսաբար տապալվում: Ամեն ինչ սիրուն գծված գնում... ըըը... էր:
Անց են կացվում ՏԻՄ ընտրություններ, որտեղ իշխանությունն իր` համապետական ընտրությունների արդյունքից մոտ 10% պակաս քվե է ստանում, իսկ «հերոս» ընդդիմությունն իր պառլամենտական 20%-ի փոխարեն ստանում է մոտ 2-3%: Հենց այդքան է հավաքում Դաշնակցությունն այնտեղ, որտեղ մասնակցում է սեփական բրենդով, մնացած տեղերում պայմանական «հերոսներն» ամեն ինչ անում են, որ իրենց իրական ղեկավարների մասին մարդկանց ոչինչ չհուշեն ու քիչ ա մնում մոր քֆուր ուտեն, որ իրենց քաղաքական հոր հետ կապ չունեն: Դրան զուգահեռ տեղի ա ունենում արտախորհրդարանական ուժերի հաղթարշավ: Բաբաջանյան Արմանի պրոյեկտը Տավուշում է լուրջ թվեր արձանագրում, Շանթ Հարությունյանը` Սյունիքում, իսկ Վարդանյան Ռուբենը` Հայաստանով մեկ: Տեղ-տեղ ՏԻՄ լծակներ է ստանում նաև Արամ Սարգսյանը: Հիշյալ բոլոր անձանց մի շատ կարևոր գաղափարական ընդհանրություն է միավորում. նրանց բոլորին դժվար է անվանել ռուսոֆիլ: Մեղմ ասած՝ դժվար է: