00:00:00

Դեղին մամուլի՝ պողպատե սանձարձակության մանդատ ստացած չեմպիոնը փորձում է լռեցնել մամուլը

20:09, 10 դեկտեմբեր 2021

Այսօր Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավորները կյանքի կոչեցին մամուլի և ազատ խոսքի դեմ իրենց հերթական պատժամիջոցը՝ օրենքի նախագիծը, որի նպատակը «տեղեկատվություն սպառողներին անհայտ ծագումնաբանություն ունեցող կամ չնույնականացվող տեղեկատվական աղբյուրներից պաշտպանելն է», իսկ իրականում՝ մամուլին դատի տալու նոր մեխանիզմներ ձեռք բերելն ու տելեգրամյան ալիքների ինֆորմացիոն հոսքը սահմանափակելն է։ Նախագծի հեղինակներն էլ նախկին լրագրողներն են՝ հիմնական զեկուցող Արթուր Հովհաննիսյան, Վահագն Հովակիմյան, Սարգիս Խանդանյան, Թագուհի Ղազարյան։
Սույն անձինք «Զանգվածային լրատվության մասին օրենքում», Քաղաքացիական և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթում ներմուծել են նոր սահմանում՝ «չնույնականացվող աղբյուր», որը բացտրում են հետևյալ կերպ․ «համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող կայք կամ համացանցային կայքի կամ հավելվածի օգտահաշիվ կամ ալիք կամ էջ, որի տնօրինողի նույնականացման տվյալները թաքցված են ընթերցողից»։ Այս օրենսդրական նախագծի ողջ իմաստն այն է, որ ԶԼՄ-ներն այսուհետ հղում չտան տելեգրամյան ալիքներին, որոնցում շատ հաճախ հանրության համար շատ կարևոր տեղեկատվական հոսք կա։ Իսկ լրատվամիջոցները, որոնք կհամարձակվեն հղում տալ տելեգրամյան ալիքներին, կհայտնվեն դատարանում։ Թեմայի առնչությամբ զրուցեցինք մի շարք լրատվամիջոցների ղեկավարների հետ։ «Politik.am»-ի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազին Oragir.news-ի հետ զրույցում, անդրադառնալով այս օրենքին, ասաց․ «Վստահ եմ, որ հատկապես հիմա դա արեցին, քանի որ տելեգրամյան ալիքները Ալեն Սիմոնյանի տեսանյութը հրապարակեցին։ Ու շատ տրամաբանական է այս իշխանությունների վարքագիծը։ Չզարմանաք, եթե ընդունեն օրենք, որով լրատվամիջոցները պարտավորված կլինեն օրական երեք անգամ սեր խոստովանել այս իշխանություններին, իսկ որ լրատվամիջոցը չխոստովանի, ապա քրեական պատասխանատվության կենթարկվի։ Բայց այս ամենում կա նաև լրատվամիջոցների խնդիրը, քանի որ մեդիա դաշտի մի մասը, ընդ որում ոչ փոքր մասը, պառկած է այս իշխանությունների տակ և իշխանական հարճի դեր է կատարում։ Բայց նրանք լավ պետք է իմանան, որ մի օր ամեն բան փոխվելու է, ու այդ օրենքները իրենց համապատասխան տեղերն են մտնելու։ Իշխանություններին ոչ ենթակա լրատվամիջոցները այս օրենքին պետք է պատասխանեն շատ խիստ և, օրինակ, ոչ մի պաշտոնական ռելիզ չհրապարակեն, եթեր և հարթակ տան այս իշխանությունների խիստ քննադատներին։ Սա պատերազմ է, իսկ պատերազմում, ինչպես պատերազմում»,- ասաց Մուրազին։ «ArmDaily.am» կայքի խմբագիր Ինգա Մարտինյանը, անդրադառնալով օրենքի՝ մամուլի համար ներկայացնող վտանգներին, նշեց․ «Ընդունված նախագծի հետ կապված իմ մտահոգությունները առանձին հոդվածով հայտնել եմ, ամենավիճահարույցը հետևյալն է․ «լրատվական գործունեություն իրականացնողը չի ազատվում տեղեկատվության տարածման համար պատասխանատվությունից, եթե այն չնույնականացվող աղբյուրի տարածած տեղեկատվության վերարտադրությունն է՝ անկախ այդ չնույնականացվող աղբյուրին հղում կատարելու հանգամանքից»։ Սա նշանակում է, որ լրատվամիջոցը մի առանձին հետաքննություն և ուսումնասիրություն պետք է անցկացնի՝ պարզելու՝ արդյոք այդ աղբյուրը բավարարո՞ւմ է այս օրենքի պահանջները, թե՞ ոչ, նոր որոշի տարածե՞լ դրա տեղեկությունները, թե՞ ոչ, ինչքան էլ դրանք արժանահավատ և իրական թվան։ Երկրորդ խնդիրը՝ ստացվում է, որ իշխանությունները չեն կարողանում գտնել կամ հավիտյանս «բլոկել» ֆեյք օգտատերերին, տելեգրամյան ալիքներ ունեցողներին և որոշել են նրանց փոխարեն պատժել լրատվամիջոցներին, որոնք կհրապարակեն այդտեղ տեղ գտած լուրերը։ Կոնկրետ մեր լրատվամիջոցի դեմ հայց կա ներկայացված՝ տելեգրամյան ալիքի տարածած տեղեկատվության վերահրապարակման վերաբերյալ։ Տեսնենք՝ դատավորը ինչ որոշում կկայացնի։ Եվ երրորդ խնդիրը՝ եթե նպատակը ֆեյքերի դեմ պայքարն է, ապա փոփոխությունը չի լուծելու այդ խնդիրը։ Հանրությունը ֆեյքերի տեղն էլ լավ գիտի, հասցեներն էլ, պարզապես, կսկսեն միայն ֆեյքերին կարդալ «իրական, չգրվող լուրերից տեղյակ լինելու համար»,- ասաց խմբագիրը։ Մարտինյանին հարցրինք նաև՝ ի՞նչ է կարծում՝ ի՞նչ նպատակով են իշխանությունները նման օրենք ընդունել․ «Սա հերթական սահմանափակումն է լրատվամիջոցների և լրագրողների դեմ, շատ վատ է, որ դա անում են նախկինում լրագրող աշխատած անձինք։ Ինչպես տեսնում ենք, այս ընթացքում նրանք ոչինչ չեն անում՝ լրագրողների, լրատվամիջոցների աշխատանքի շահերից բխող, հակառակը՝ տուգանքներ, սահմանափակումներ։ Բավականին խնդրահարույց և մտահոգիչ են նախատեսված վարչական տույժերը, որոնք լրացուցիչ ճնշման գործիք, մահակ են դառնալու իշխանությունների ձեռքին, իսկ լրատվամիջոցների համար՝ ֆինանսական մեծ բեռ։ Կյանքը բումերանգ է։ Ես կցանկանայի տեսնել օրենքը ընդունողների վերադարձը մեդիա դաշտ և իրենց իսկ սահմանած խաղի կանոններով աշխատանքը։ Նշեմ նաև, որ ամենևին էլ դեմ չեմ լրատվամիջոցների իրավական կարգավորմանը, տեխնոլոգիաների զարգացմամբ առաջացող մարտահրավերներին զուգահեռ օրենսդրական դաշտի կատարելագործմանը, լրագրողների գործունեության կանոնակարգմանը։ Ամեն դեպքում, այս քայլերը չպետք է ոտնահարեն խոսքի ազատությունը, չպետք է խոչընդոտեն լրատվամիջոցների աշխատանքը. ժողովրդավարության և իրավական պետության կառուցման ճանապարհը սահմանափակումներով չի արվում, իսկ 4-րդ իշխանությանը ավելի խիստ պահանջներ ներկայացնելը, որակյալ աշխատանքը պահանջելը ամենևին էլ միակողմանի չէ։ Որակյալ պետք է լինի ոչ միայն մեդիայի և լրագրողի աշխատանքը, այլև առաջնահերթ իշխանության աշխատանքը՝ գործադիրից մինչև օրենսդիր, նախարարից մինչև պատգամավոր։ Այլապես ստացվում է, որ պատգամավորները կարող են 6 ամիս շարունակ իրար ծեծել խորհրդարանում, ոչ մի պատասխանատվության չենթարկվել, իսկ տելեգրամյան ալիքից լուր հրապարակող լրատվամիջոցը պետք է պատասխանատվության ենթարկվի։ Այսինքն՝ պատիժները միայն մեզ համար են, ոչ իշխանավորների։ Որտե՞ղ կորավ համաչափության սկզբունքը»,- պատասխանեց Ինգա Մարտինյանը։ «Armday» կայքի գլխավոր խմբագիր Տաթև Այվազյանի կարծիքով՝ սա Փաշինյանի պողպատե սանձարձակության հերթական դրսևորումն է մամուլի դեմ․ «Դեղին մամուլի չեմպիոնը, ով այժմ ՀՀ վարչապետ է, իր մանր-մունր, անգրագետ ու թերի կրթված թիմի անդամներին օգտագործում է 4-րդ իշխանության դեմ: Պողպատե սանձարձակության մանդատ ստացած այս թիմի անդամը տարբեր միջոցներով փորձում է լռեցնել մամուլը, իսկ դա ունի ընդամենը մեկ բացատրություն՝ Փաշինյանը սարսափում է ՀՀ-ում գործող 4-րդ իշխանությունից, քանի որ հենց մենք ենք բացահայտում իր և իր թիմի կոռուպցիոն գործարքներից մինչև պետական դավաճանության հոդվածի հանցագործությունները: Այս օրինագծի շեշտը հիմնականում դրված է տելեգրամ ալիքների վրա, որոնք, ի դեպ, մեծ գործ են արել, թե պատերազմի օրերին, և թե հիմա։ Մի շարք տելեգրամյան ալիքներից ենք տեղեկացել, որ ՀՀ սուվերեն տարածք ադրբեջանցիներ են ներխուժել և շատ այլ տեղեկություններ, որոնք մեր ՊՆ-ն Փաշինյանի դեղին մամուլի օրինակով համառորեն չէր հաստատում: Այո, հենց մեր միջոցով է հանրությունը մոլորությունից դուրս եկել և իմացել, որ իր անվտանգութունը պաշտպանված չէ: Խոսքի ազատութունը ՀՀ-ում ոտնահարվում է պետական մակարդակով հանուն պետության ղեկին նստածների հանցավոր անգործության քողարկման: Կոչ եմ անում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին չստորագրել օրենքը, որ գոնե մամուլի միջոցով կարողանա տեղեկանալ նոր կապիտուլյացիայի ստորագրման մասին»,- ասաց Տաթև Այվազյանը։ «Irakanum.am» կայքի խմաբգիր Փայլակ Ֆահրադյանի նշեց․ «Անկեղծորեն զարմացած չեմ, որ իշխող ֆրակցիան ու նրանում ներկայացված նախկին լրագրողները նման «օրենքի» նախագիծ են մշակել ու մեկ մարդու նման կոճակը սեղմելով հաստատել։ 2018-ի հայտնի իրադարձություններից հետո այդ մարդիկ ամենօրյա ռեժիմով պայքարում են լրագրողների ու խոսքի ազատության դեմ։ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմից շատ անդամներ լավ գիտեն մամուլի ազդեցության մասին և ամեն կերպ փորձում են խնդիրներ ստեղծել։ Իրենք ասում են՝ այս կերպ պայքարում են «ֆեյք» լուրերի և կայքերի դեմ։ Շատ լավ, թող սկսեն իրենցից ու իրենց ներսում գտնվողներին պատկանող ֆեյք կայքերից ու էջերից։ Հաստատ անելիքներ շատ կունենան։ Ինքս պատրաստ եմ տրամադրել այդ ցանկը, բայց պայմանով, որ մեկ առ մեկ ուսումնասիրելու են և բացահայտելու են այդ չգրանցված դոմեյներն ու տելեգրամյան ալիքները։ Բացի այդ, Դուք կհիշեք՝ Հայաստանում ով է եղել «օդում կախված լուրերի կնքահայրը»։ Ինչ վերաբերում է օրենքի նախագիծը մշակողներին, որոնց մեջ նախկին լրագրողներն են, ապա առնվազն կարող եմ ասել, որ իշխանությունն ու մանդատը հավերժ չեն։ Կարծում եմ, որ Արմեն Սարգսյանը, ով բացի շրջագայություններից որևէ այլ բանով զբաղված չէ, պարտավոր է օրենքը չստորագրել և ուղարկել Սահմանադրական դատարան։ Պարոն Սարգսյան մամուլում հրապարակումներ կան, ծանոթացեք և գործ արեք»,- ասաց Ֆահրադյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր