«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը չի մեկնաբանում Իշխան Զաքարյանի՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից դուրս գալու որոշումը։ Irakanum.am-ի հետ զրույցում Վանեցյանն ասաց, որ որոշումը չի մեկնաբանում, առաջարկելով մեկնաբանություն ստանալ խոսնակից՝ Սոս Հակոբյանից։

Նշենք, որ Իշխան Զաքարյանը հայտարարել է, որ որոշում է կայացրել դուրս գալ «Պատիվ ունեմ» խմբակցությունից և հանդես գալ, որպես անկախ պատգամավոր։ Միաժամանակ Զաքարյանը պնդել է, թե գործելու է ընդդիմադիր դաշտում։

«Երկրի համար այս ճակատագրական պահին ամենակարևորը սահմանների անվտանգության խնդիրն է ու կայուն, հասկանալի և վստահելի համագործակցությունը մեր ռազմավարական թիվ մեկ դաշնակցի՝ Ռուսաստանի Դաշնության հետ։ Ունեմ գաղափարներ, առաջարկներ, մշակումներ, որոնք կարծում եմ օգտակար կլինեն մեր երկրին՝ լուծելու բազմաթիվ խնդիրներ, դուրս գալու այս ճգնաժամից։

Իսկ դա ինձ համար ամենակարևորն է։ Ցանկացած դաշինք ունի որոշակի կաշկանդող գործոններ։ Եվ իմ որոշումը հիմնականում պայմանավորված է դրանով։ Ես չեմ ուզում իմ գործունեությունը կաշկանդել, միաժամանակ չեմ ուզում անհարմարություններ պատճառել այն մարդկանց՝ ում հետ մտել եմ խորհրդարան»,- ասված է վերջինիս հայտարարությունում։

Այն, որ Իշխան Զաքարյանը լքելու էր «Պատիվ ունեմ» խմբակցությունը թերևս անսպասելի չէր։ Մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան այն մասին, որ Զաքարյանը բավականին մտերիմ հարաբերությունների մեջ է իշխանական խմբակցության մի շարք պատգամավորների հետ։ Մասնավորապես նրան հաճախ կարելի էր տեսնել ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ։

Սոս Հակոբյանը Irakanum.am-ի հետ զրույցում անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչ կաշկանդող գործոն ունի «Պատիվ ունեմ» խմբակցությունը, ասաց․ «Անկեղծ ասաց չգիտեմ։ Ինքը հայտարարությունում նշում է, որ  առաջարկներ ունի, գուցե մոտակա ժամանակ խոսի, պարզ լինի, ինձ համար էլ հստակ չէ»։ Ամեն դեպքում Սոս Հակոբյանի համար Զաքարյանի դուրս գալը անակնկալ չէր, ասաց, որ հրապարակումներին է ծանոթ։

Հարցրեցինք, նույն այդ հրապարակումների համաձայն Զաքարյանի դուրս գալու պատճառը Խաչատուր Սուքիասյանն է, Սոս Հակոբյանն ասաց․ «Ոչ կարող եմ հերքել, ոչ հաստատել։ Կարծում եմ ինչ-որ ժամանակ հետո ինչ-որ բաներ պարզել կլինի»։

Անդրադառնալով Իշխան Զաքարյանի այն հայտարարությանը, թե հանդես է գալու որպես անկախ, ընդդիմադիր պատգամավոր, Սոս Հակոբյանն ասաց, թե քաղաքականությունը հրապարակային գործունեություն է, և մարդիկ հնարավորություն ունեն գնահատական տալու։

Հավելենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը Սահմանադրական օրենքներ ընդունելու համար ԱԺ-ում պակասում էր ընդամենը մեկ պատգամավորի քվեարկություն։ Հիմա ըստ էության «անկախ» պատգամավոր Իշխան Զաքարյանը կարող է այդ հարցում օգնել ՔՊ-ին։

Irakanum.am