«Մոռացե՞լ եք՝ ընտրությունների գիշերն ինչ էր կատարվում, ես համաձայն չեմ այդ որոշման հետ». Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին,  կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Քաղաքացիական օրենսգրքում և մի շարք հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծին, որի նպատակը ինքնակամ շինարարության դեմ պայքարում առավել արդյունավետ իրավական մեխանիզմների նախատեսումն է։

Մշակված նախագծերով կբացառվի օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կառուցված ինքնակամ կառույցների օրինականացման հնարավորությունը, ինչը կապահովի ցանկացած շինության կառուցումը բացառապես իրավասու մարմնի կողմից թույլտվության, ինչպես նաև օրենսդրությամբ անհրաժեշտ ճարտարապետահատակագծային առաջադրանքի, նախագծային և այլ փաստաթղթերի հիման վրա:

Ինքնակամ շինարարությունների գործընթացը տարիներ շարունակ բավարար չափով չի կարգավորվել, ինչի հետևանքով աղճատվել է բազմաթիվ քաղաքներում քաղաքաշինական պատկերը և անվտանգության հետ կապված խնդիրներ են ծագել:

«Հիմա այս նախաձեռնությամբ մի գիծ է քաշվելու, որից հետո ինքնակամ կառույցներն այլևս չեն օրինականացվելու: Կառավարությունը, բնականաբար, նպատակ չունի այնպես անել, որ արդեն իսկ կառուցված ինքնակամ շինություններն ամբողջությամբ քանդվեն և քաղաքացիներն ու իրավաբանական անձինք մեծ վնասներ կրեն. կա հստակ մեխանիզմ, որով նախատեսված է, թե ինչպես են օրինականացվելու մինչև օրենքի ընդունման պահը կառուցված ինքնակամ շինությունները»,-այս մասին ասաց ՀՀ արդարադատության  նախարար Կարեն  Անդրեասյանը՝    ներկայացնելով քաղաքացիական

օրենսգրքում և հարակից օրենսգրքերում փոփոխությունների նախագիծը, որի նպատակը ինքնակամ շինարարությունների դեմ պայքարում ավելի արդյունավետ մեխանիզմների նախատեսումն է:

Նախարարը հայտնեց, որ ըստ այդ մեխանիզմի, ինքնակամ շինություն կառուցած քաղաքացիներին տրվելու է որոշակի ժամկետ, որպեսզի իրենք Կադաստրի կոմիտեում հաշվառվեն, ներկայացնեն պահանջվող փաստաթղթերը: Երևան քաղաքի վարչական սահմաններում կառուցված ինքնակամ շինությունների համար ժամկետ տրված է մինչև 2023 թվականի հունվարի 1-ը, որպեսզի հաշվառվեն Կադաստրի կոմիտեում և ներկայացնեն պահանջվող փաստաթղթերը: Այն համայնքներում, որտեղ կան քաղաքային բնակավայրեր` ժամկետը տրված է մինչև 2024 թվականը, իսկ այն տեղերում, որտեղ գյուղական բնակավայրերն են` մինչև 2025 թվականը:

«Այսուհետ ավելի խիստ պատիժներ և սանկցիաներ են լինելու այն համայնքների ղեկավարների նկատմամբ, ովքեր չեն իրականացնի տեսչական մարմինների պահանջները` կանգնեցնելու, կասեցնելու այդ ապօրինի շինարարությունները, չեն ապամոնտաժի և չեն ազատի համայնքային և պետական հողերը այդպիսի զավթումներից:

Մյուս հանգամանքը` եթե ժամանակին ապօրինի շինարարությունների դեպքում դատարանում վիճարկելը ավտոմատ կասեցվում էր վարչական մարմնի գործողությունները, ապա այս դեպքում արդեն ավտոմատ չի լինելու և դատարանի հատուկ որոշմամբ կարող է կասեցվել վարչարարությունը»,- եզրափակեց Անդրեասյանը: