00:00:00

Ե՞րբ Նիկոլ Փաշինյանը կհեռանա քաղաքականությունից

04:25, 04 դեկտեմբեր 2021

Հայաստանի իշխանությունները ժողովրդավարությունը ներկայացնում են՝ որպես գլխավոր ձեռքբերում, որպես ամենայնից վեր, ժողովրդավարությունը դիտարկվում է՝ որպես բոլոր խնդիրների լուծման աղբյուր, թեև արցախյան 44-օրյա պատերազմն ապացուցեց այդ թեզի սխալականությունը։
Իրականում, սակայն, հայկական ժողովրդավարությունը ժողովրդավարություն է ձևով, բայց ոչ երբեք՝ բովանդակությամբ, քանի որ Հայաստանում չեն գործում դեմոկրատիայի հիմնարար ինստիտուտները՝ հակակշիռների ու փոխզսպումների համակարգը, և բոլոր որոշումները կայացվում են կամ մեկ անձի, կամ, լավագույն դեպքում, մի քանի անձանց կողմից։
Ժողովրդավարությունը, սակայն, ոչ միայն ֆորմալ օրենքների ու ընթացակարգերի պահպանումն է, այլ նաև քաղաքական ավանդույթները, չգրված օրենքները, որոնք հաճախ ավելի ազդեցիկ են, քան ձևական կանոնները։
Օրինակ՝ նախօրեին Ավստրիայի արդեն նախկին կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարեց քաղաքականությունից իր հեռանալու մասին։ Դրանից առաջ նա հրաժարական էր ներկայացրել կանցլերի պաշտոնից՝ ինչ-որ կոռուպցիոն գործի, կաշառակերությանն աջակցման կասկածի պատճառով։ Հայկական չափանիշներով՝ Կուրցի պաշտոնանկության առիթն անմեղ դեպք էր, այդպիսի կոռուպցիոն գործարքներ Հայաստանում կատարվում են ամեն օր՝ անգամ միջին մակարդակի պաշտոնյաների մակարդակով։ Բայց Հայաստանի ու Ավստրիայի տարբերությունն այն է, որ այստեղ Ազգային ժողովի նախագահը եղբոր աշխատած բիզնես-ընկերության տենդերներ շահելու ակնհայտ կոռուպցիոն փաստը ներկայացնում է որպես լավություն՝ ասելով, որ այդ ընկերությունը կարող էր, բայց չի շահել թվով ևս 15 տենդեր, իսկ Ավստրիայում երկրի ղեկավարը ոչ միայն հրաժարական է ներկայացնում, այլ հեռանում է քաղաքականությունից ընդհանրապես։ Որովհետև Ավստրիան՝ բովանդակությամբ, իսկ Հայաստանը՝ միայն ձևով են ժողովրդավարական պետություններ։
Հայաստանում երկրի ղեկավարը ոչ միայն հրաժարական չի ներկայացնում աղետալի պարտությունից ու հազարավոր զոհերից, տարածքային կորուստներից հետո, այլ պատերազմում արձանագրած նահանջին հակադարձ համեմատական համառությամբ մնում է քաղաքականության մեջ ու իշխանությունը դարձնում է կենաց-մահու պայքար։  Բայց դա չի խանգարում նրան մասնակցել ժողովրդավարության ինչ-որ գագաթաժողովների և համեմատվել կայացած ժողովրդավարությունների հետ։
Նաև այն պատճառով, որ այդ գագաթաժողովների կազմակերպիչներն արդեն ոչ թե ժողովրդավարական, արժեքային նպատակներով, այլ խիստ աշխարհաքաղաքական շահերով պայմանավորված՝ Հայաստանը ներկայացնում են որպես դեմոկրատ՝ քաջ գիտակցելով, որ իրականում աջակցում են ժողովրդավարական ապրանքանշանով բռնապետության հաստատմանը։ Հայաստանը երբևէ կարող է դառնալ իսկական ժողովրդավարական պետություն, եթե գործի, պայմանականորեն ասած՝ «Կուրցի մոդելը», այսինքն՝ երբ որևէ պաշտոնյա որևէ հակաօրինական ու հակաժողովրդավարական քայլի համար պատասխանատվության ենթարկվի ոչ միայն պաշտոնանկությամբ, այլ նաև կհեռանա քաղաքականությունից։ Մինչ այդ Հայաստանում կշարունակի բարգավաճել ավտորիտարիզմը, որի գլուխը ժողովրդավարական պետությունները կշոյեն՝ Հայաստանից մնացած փշրանքները ստանալու համար։ 168.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր