2021 թ. սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում «գունագեղ» միջոցառմամբ նշվեց ՀՀ անկախության 30-ամյակը։ Հայտարարվել էր, որ ծախսվել է 1-ից 1.2 միլիարդ դրամ գումար՝ ոչ պետական կամ համայնքային բյուջեների հաշվին։ Առանց մրցույթի` միջոցառման կազմակերպիչ էր ընտրվել «Դոմինո պրոդաքշն» ՍՊԸ-ն, որն էլ հայթայթել էր այդ գումարը մասնավոր հովանավորներից։
ԶԼՄ-ներում այս փաստը բազմաթիվ հարցեր էր առաջացրել։ ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում այս թեմայով «բուռն» երկխոսություն եղավ իմ եւ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի միջեւ։ Հետո վերջինս լրագրողներին ասել էր, որ որոշ ժամանակ կսպասի, այնուհետեւ ես համապատասխան տեղում պատասխան կտամ։ Կարծեմ նրա «որոշ ժամանակը» դեռ չի անցել։
Մինչ այդ ես 08 նոյեմբերի 2021թ. պաշտոնական հարցում էի ուղարկել Վարչապետի աշխատակազմ։ Ահա այն.
«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի հոդված 3-ի 1-ին մասի 11-րդ կետին համապատասխան, խնդրում եմ՝ տրամադրել հետեւյալ տեղեկատվությունը.
- 2021 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության Անկախության 30-րդ տարեդարձի առթիվ Հանրապետության հրապարակում անցկացված տոնակատարության կազմակերպիչ «Դոմինո փրոդաքշն» ընկերության եւ ՀՀ վարչապետի աշխատակազմի միջեւ կնքված պայմանագրի եւ կատարողական ակտի կրկնօրինակները։
- Ո՞րն է հենց «Դոմինո փրոդաքշն» ընկերությունն ընտրելու հիմնավորումը, երբ դաշտում բազմաթիվ այլ փորձառու, տեխնիկապես հագեցած ընկերություններ կան։
- Պաշտոնապես հաստատել, որ տոնակատարության համար ՀՀ պետական բյուջեից որեւէ հատկացում չի արվել։
- Տոնակատարության համար «Դոմինո փրոդաքշնը» ո՞ր կազմակերպություններից եւ անհատներից է հայթայթել մեկ միլիարդ դրամը գերազանցող գումարը՝ նշելով ստացված միջոցների կամ նվիրատուների տվյալները, ֆինանսական կամ գույքային մասնակցության չափը, եղանակը (կանխիկ, վճարումներ կամ բանկային փոխանցումներ)։
- «Դոմինո փրոդաքշն»-ի ծախսման ուղղությունները, նշելով ֆինանսավորում ստացած կազմակերպությունների եւ անհատների տվյալները, նրանց ստացած ֆինանսավորման չափն ու եղանակները, նրանց ընտրության սկզբունքները եւ կարգը (կցելով հաապատասխան պայմանագրերի պատճենները։