00:00:00

Ավստրալիայի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ժամանակի հարց է. Հայ դատի հանձնախումբ

14:36, 30 նոյեմբեր 2021 Արտաքին քաղաքականություն

Ավստրալիայի Ներկայացուցիչների պալատի՝  Օսմանյան կայսրության կողմից 1915-1923 թվականների ընթացքում հայերի, ասորիների ու հույների դեմ իրականացված ցեղասպանությունները ճանաչելու գործադիրին ուղղված կոչը կարևոր ձեռքբերում է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Գայսերյանն՝ ավելացնելով, որ նշանակալի աշխատանք է տարվել տեղի հույն, ասորի համայնքների ներկայացուցիչների հետ: «Ավստրալիայի կառավարության վրա նոր ճնշում է բանեցվում, ու դա արվում խորհրդարանի միջոցով: Որպես ժողովրդավարական քաղաքականություն ունեցող երկիր, ակնկալվում է, որ կառավարությունը պետք է լսի խորհրդարանին: Մենք դա տեսանք ԱՄՆ-ի պարագայում: Եվ երբ առկա է ճնշում խորհրդարանից, ապա գործադիրի կողմից 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչումը ժամանակի հարց է»,-ասաց Հաjկ Գայսերյանը: Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրենը նշեց, որ հույների ասորիների համայնքների ներկայացուցիչների հետ շարունակելու են ակտիվ աշխատանքն ինչպես Սենատի, այնպես էլ գործադիրի ուղղությամբ: Նա նկատեց, որ այսօր գործադիրում կան մարդիկ, որոնք նախկինում ճանաչել են 1915 թվականի ցեղասպանությունը և համապատասխան կոչերով հանդես եկել: Ավստրալիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատը միաձայն կոչ է արել կառավարությանը ճանաչել Օսմանյան կայսրության կողմից 1915-1923  թվականների  ընթացքում  հայերի,  ասորիների  ու  հույների  դեմ  իրականացված ցեղասպանությունները: Պատգամավոր Թրենթ Զիմերմանի առաջ քաշած բանաձևը հորդորում է Ավստրալիայի կառավարությանը հավատարիմ մնալ 1948  թվականի  Ցեղասպանության  հանցագործության  կանխարգելման  և  դատապարտման  մասին  կոնվենցիային՝ ճանաչելով «Օսմանյան կայսրության կողմից 1915-1923  թվականների  ընթացքում  հայերի,  հույների և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր