Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը իրականում Մինսկի քաղաքապետից ստացել է հրավեր։ Այս մասին Irakanum.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Երևանի քաղաքապետարանից։ Հիշեցնենք, որ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը նախօրեին  հաղորդագրություն էր տարածել, ըստ,  որի նոյեմբերի 25-ին նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է բելառուսական «Белкоммунмаш» գործարան։ «Պատվիրակությանը հակիրճ ներկայացվել է ձեռնարկության պատմությունը, որից հետո հյուրերը ծանոթացել են թողարկվող արտադրանքին, որը ներառում է քաղաքային էլեկտրական տրանսպորտի ողջ տեսականին»։ Երկար բովանդակությամբ հաղորդագրությունում նաև նշված էր, թե «Երևանի քաղաքապետի՝ Մինսկ առաջիկայում ակնկալվող այցելության ժամանակ առավել առարկայական կդիտարկվի ձեռնարկության կողմից թողարկվող արտադրանքի հնարավոր ձեռքբերման հարցը»։

Նախարարության այս հաղորդագրությանն արձագանքել էր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակը։ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Թյուրընկալումներից խուսափելու համար նշենք, որ Երեւանի քաղաքապետի օրակարգում առաջիկայում Մինսկ կատարելիք այցելություն նախատեսված չէ։

Ավելորդ չէ հիշեցնել նաեւ, որ Երեւանի քաղաքապետարանը գնումներն իրականացնում է հրապարակային մրցույթների միջոցով»։

Այս պատասխանը միանգամից մի քանի կարևոր շեշտադրումներ է պարունակում։

Էկոնոմիկայի նախարարությունից քաղաքային իշխանության այս հայտարարությանը չեն արձագանքել, փոխարենը խմբագրել էին նախկին հաղորդագրությունը, որում արդեն բացակայում է քաղաքապետ Մարությանի՝ հնարավոր այցի վերաբերյալ հատվածը։

Irakanum.am-ը գրավոր հարցում էր ուղարկել քաղաքապետ Հայկ Մարությանին, խնդրելով տրամադրել տեղեկություն այն մասին, թե իրապես ստացել է հրավեր Մինսկ մեկնելու և ինչպիսին է եղել վերջինիս պատասխանը։ Քաղաքապետարանից արագ արձագանքել էին մեր գրավոր հարցմանը, նշելով․ «Երևանի քաղաքապետը տարբեր քաղաքների և տարածաշրջանների ղեկավարներից ստանում է այցելությունների հրավերներ։ Այդ թվում՝ Մինսկի քաղաքապետից վերջերս ստացել է այցելության հրավեր, որն ընդունվել է՝ առանց ժամկետների հստակեցման»։ Միաժամանակ քաղաքապետարանից հայտնել են, որ տեսանելի ապագայում Երևանի քաղաքապետի օրակարգում Բելառուսի հանրապետություն կատարելիք այցելություն նախատեսված չէ։

Irakanum.am