Հունվարի 1-ից հանրային սննդի վայրերում, մշակութային միջոցառումներին քաղաքացիների մուտքը կարող է լինել միայն ՊՇՌ թեստի արդյունքով բացասական կամ պատվաստված լինելու հանգամանքը հավաստիացնելու դեպքում, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Այո՛, այդ սահմանափակող միջոցառումները գուցե որոշակի անհարմարություններ առաջացնում են, բայց նժարի վրա դնելով հանրային առողջապահական հարցերը, կարծում ենք, որ անհրաժեշտ է նման միջոցների գնալ։ Պետք է համալիր միջոցառումներ կիրառել՝ նվազեցնելու թե՛ վարակման, թե՛ հիվանդացության ռիսկերն ու բեռը հանրապետությունում», — ասաց նախարարը։

Նախարարը միաժամանակ հայտնեց, որ 23 քաղաքացու մոտ արձանագրվել է մահ, երբ վերջիններս եղել են պատվաստված, քովիդով վարակված են եղել, հիվանդությունը ծանր են տարել։

«Նրանց միջին տարիքը 75-ից բարձր է, բոլորի մոտ գրանցված է եղել քրոնիկ հիվանդություններ՝ շաքարային դիաբետ, տարբեր օրգանների չարորակ նորագոյացություններ, սրտի իշեմիկ հիվանդություններ, լյարդի ցերոզ, հիպերտենզիա, զարկերակային գերճնշում։ Նման հիվանդություններ ունեցող քաղաքացիներն առավել ծանր են տանում Covid-19-ը և ավելի մեծ ռիսկ են կրում վատ ելքով ավարտ ունենալու», — ասաց նախարարը։