00:00:00

«Ես եմ» ծրագրով զորակոչվածներին դիտմամբ տարել են Ջաբրայիլ, որ կեսի գլուխն ուտեն, փողերը չտան»․ 44-օրյա պատերազմում 2 որդիներին կորցրած մայրը պահանջում է որդու հասանելիք գումարը

02:06, 28 նոյեմբեր 2021

Արցախյան վերջին պատերազմում 2 որդիներին՝ Ռոբերտին և Արտյոմին կորցրած Նարինե Գրիգորյանը 168.am-ի հետ զրույցում ահազանգում է՝ մեծ որդին՝ Ռոբերտը, որ 2018 թվականի հունվարին էր զորակոչվել, ընտրել էր «Ես եմ» ծրագիրը, որպեսզի զորացրվելուց հետո Պաշտպանության նախարարության կողմից հատկացվող 5 միլիոն դրամով հիպոթեքով տուն գներ։ Նրա զոհվելուց արդեն 1 տարի է անցել, սակայն նախարարությունն այդ գումարը չի տրամադրում՝ պատճառաբանելով, որ Ռոբերտը զոհվել է։ «Պաշտպանության նախարարությունը զոհված տղաներիս համար հատկացված գումարը (յուրաքանչյուրին՝ 10 միլիոն դրամ) փոխանցել է մեզ, բայց Ռոբերտիս՝ «Ես եմ» ծրագրով որպես պարտավորություն նախատեսված 5 միլիոն դրամը՝ ոչ, ասում են՝ զոհվել է, չի հասնում։ Ռոբերտս 2 տարի 9 ամիս ծառայել էր, զորացրվելուն ընդամենը 3 ամիս էր մնացել, երբ մարտի դաշտում զոհվեց․․․
Որդեկորույս մայրն ասաց, որ, բացի Պաշտպանության նախարարությունից՝ դիմել է Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանին, արդեն ամիսներ են անցել, բայց որևէ արձագանք չկա․ «Պաշտպանության նախարարություն գնում եմ, ներս չեն թողնում, հեռախոսի համար են տալիս, զանգում եմ, էլի նույնն են ասում՝ չի հասնում, որովհետև երեխեն մահացել ա, բայց երեխուս գլուխն իրենք կերան, ո՞վ է մեղավոր․․․ Պահանջում եմ, որ այդ գումարը տան, Ռոբերտս հետ չեկավ, բայց գոնե այդ գումարը տան՝ իրենց փոքր եղբոր համար։ Ես մի հատ էլ եմ գնալու ՊՆ, փորձեմ այս անգամ էլ նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանին հանդիպել․․․ Թեկուզ թող իրենք Ռոբերտիս չծառայած 2-3 ամիսների փողը հանեն, մնացած գումարը տան»։ Երկու որդիներին կորցրած մայրը հիշում է պատերազմի օրերին փոքր որդու՝ Արտյոմի հետ ունեցած հեռախոսազրույցը, ասում է՝ հիմա է հասկացել, թե իրականում ինչ է տեղի ունեցել այդ օրը․ «Փոքր տղես էդ օրը, որ զանգեց, ասաց՝ «Ես եմ» ծրագրով եկած սաղ տղերքին տարան Ջաբրայիլ՝ առաջնագիծ, Ռոբերտս էլ է այդ խմբի մեջ եղել։ Հենց «Ես եմ» ծրագրով գնացածներին դիտմամբ տարան առաջնագիծ՝ Ջաբրայիլ, որ կեսի գլուխն ուտեն, փողերը չտան․․․  Իրենք այդ օրն Աղդամում են եղել, իրարից ընդամենը 100 մետր հեռու, հետո Ռոբերտիս տարել էին Ջաբրայիլ, այնտեղ էլ զոհվել էր, Արտյոմս իմացել է, որ ախպերը վիրավորվել է, գնում էր Ջաբրայիլ, որ ախպոր կողքին լիներ, բայց ոչ մեկը չէր ասել, որ՝ ախպերդ էլ չկա, զոհվել է, այդպես Ջաբրայիլ գնալու ճանապարհին 200 հոգով զոհվել են․․․»։ 168.am-ը դեռ ամիսներ առաջ էր անդրադարձել արտի դաշտում զոհված եղբայրներին՝ Ռոբերտին և Արտյոմին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր