Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերության նախկին սեփականատեր, միլիարդատեր Ռուբեն Վարդանյանը (1 մլրդ դոլար՝ ըստ Forbes-ի) ՌԲԿ հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ մտադիր է քաղաքական կարիերա սկսել:

 

Պատասխանելով այն հարցին, թե պատրաստվո՞ւմ է արդյոք մտնել քաղաքականություն, Վարդանյանն ասել է, որ իրեն վերջերս շատ հաճախ են հարցնում այդ մասին․ «Ես դրան պատասխանում եմ կարճ՝ այո։ Բայց քաղաքականության մեջ, որը ես տեսնում եմ, այլ կերպ եմ ձևակերպում այդ հարցի պատասխանը, քան պարզապես քաղաքական կուսակցություն, երկիրը ղեկավարելու ցանկություն»։

 

Վարդանյանի խոսքով` այժմ նա ակտիվ փուլում է, ցանկանում է գտնել շատ կարևոր հարցերի պատասխաններ, որոնք վերաբերում են Հայաստանի զարգացմանը. «Այդ իմաստով, իհարկե, ես քաղաքականության մեջ եմ»։

 

Պատասխանելով այն հարցին, թե պատրա՞ստ է արդյոք դառնալ Հայաստանի նախագահ, Վարդանյանը նշել է, որ այդ մասին իրեն նույնպես հարցնում են «արդեն շատ-շատ հարցազրույցների ընթացքում»:

 

«Պետք է տրամաբանությունից զուրկ լինել, որպեսզի ցանկանալ երկիրը ղեկավարել այսօրվա վիճակում: Երկիրը գտնվում է շատ ծանր վիճակում։ Ապագան միանգամայն անհասկանալի է», – նկատել է գործարարը։

 

Նա կարծում է, որ այժմ սուր է դրված Հայաստանի՝ որպես անկախ պետության պահպանման հարցը, ուստի նման իրավիճակում «պետության ղեկավար դառնալու պատասխանատվությունն ստանձնելու համար պետք է շատ համարձակ մարդ լինել»:

 

«Եթե վերնախավը համախմբվում է և որոշում, որ ես լինեմ կամ մեկ ուրիշը, ցանկացած որոշում հնարավոր է, որովհետև ես պատրաստ եմ և՛ կոշկակար լինել իմ ազգի համար, և՛ հավաքարար, և՛ ղեկավար», – ասել է Վարդանյանը:

 

«Եթե ես պատասխանատվություն եմ վերցրել, որ ես մեկն եմ այն մարդկանցից, ովքեր պատրաստ են պատասխանատվություն կրել Հայաստանի ապագայի համար, ուրեմն պետք է պատրաստ լինել ցանկացած պաշտոնի և ցանկացած դիրքորոշման, որը կարող է լինել ինչպես այս, այնպես էլ՝ բոլորովին այլ, օրինակ, Գվատեմալայում դեսպան, եթե դա կարևոր լինի Հայաստանի համար», – հավելել է Վարդանյանը