Սոչիում նոյեմբերի 26-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ տեղի ունենալիք Փաշինյան-Ալիև գագաթնաժողովին ընդառաջ՝ դիվանագիտական ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում:
Բազմակողմ և բազմամակարդակ շփումների ինտենսիվությունից կարելի է ենթադրել, որ Սոչիում սպասվող եռակողմ հանդիպումը բավականին լուրջ օրակարգ է ունենալու և չի սահմանափակվելու միմիայն բանակցություններով, հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը կայունացնելու շուրջ, ինչպես նաև նախորդ պայմանավորվածությունների իրականացման ընթացքի քննարկումներով: Չի բացառվում, որ Սոչիում սեղանին դրված լինի հետպատերազմյան փուլում Հայաստանի Հանրապետության համար ամենակարևոր փաստաթղթերից մեկը, որը վերաբերում է ՀՀ սահմաններին ու ապաշրջափակման գործընթացին, որով ՌԴ-ից զբաղվում է փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, ով այս օրերին Բաքվում և Երևանում էր:
Օվերչուկը և Ռուդենկոն՝ Երևանում ու Բաքվում
Պաշտոնական հաղորդագրության համաձայն, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նախօրեին ունեցել է 4 հեռախոսազրույց՝ Տաջիկստանի, Ռուսաստանի, Իրանի ու Իսրայելի ԱԳ նախարարների հետ:
Միրզոյան-Լավրով հեռախոսազրույցի հայկական և ռուսական պաշտոնական հաղորդագրություններում նուրբ տարբերություններ կան: ՀՀ ԱԳՆ հաղորդագրության համաձայն, կարևորվել է խաղաղ բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո: «Հեռախոսազրույցի ընթացքում Արարատ Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի ԶՈՒ կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ իրականացված վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների դերը` տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված ջանքերի համատեքստում: Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը քննարկել են նաև 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ․ հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը»,- ասված է հաղորդագրությունում:
ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում խոսք չկա ԵԱՀԿ Մինսկի խմբի, հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի և այլ հարցերի շուրջ: Նշվում է միայն, որ քննարկվել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարման ընթացքը, այդ թվում՝ Սոչիում նոյեմբերի 26-ին սպասվող եռակողմ հանդիպման կոնտեքստում:
Միրզոյան-Աբդոլլահիան հեռախոսային շփման հարցում կարևորը քննարկումն էր «Պարսից ծոց–Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցք ստեղծելու մասին բազմակողմ համաձայնագրի ուղղությամբ նպատակաուղղված աշխատանքների իրականացման շուրջ: Պաշտոնական հաղորդագրություններում որևէ խոսք չկա առաջիկա բարձրաստիճան բանակցությունների մասին, սակայն հայտնի է, որ Իրանն անտարբեր չէ ՀՀ սահմաններին տիրող իրավիճակի նկատմամբ, և նոյեմբերի 16-ին ԻԻՀ նախագահ Ռաիսին այդ թեմայով հեռախոսազրույց էր ունեցել ՌԴ նախագահ Պուտինի հետ:
Պուտին-Միշել հեռախոսազրույց Արցախի շուրջ տիրող իրավիճակի մասին
Սոչիում, ինչպես նաև Բրյուսելում դեկտեմբերի 15-ին ԱլԳ 6-րդ գագաթնաժողովի շրջանակում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպումներին ընդառաջ կարևոր էր նաև տեղեկատվությունն այն մասին, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց են ունեցել: «Շառլ Միշելի խնդրանքով՝ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ԼՂ վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների դրույթների իրականացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին, ներառյալ՝ խաղաղ կյանքի վերականգնումը, Հարավային Կովկասում ճանապարհների և տրանսպորտային ուղիների վերականգնումը։ Հենց այս հարցերն է նախատեսվում քննարկել ՌԴ, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի միջև նոյեմբերի 26-ին Սոչիում կայանալիք հանդիպմանը», – ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ։ Հայտնի է նաև, որ Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպումը Միշելի միջնորդությամբ է, և եվրոպական կողմը դիտակետում է պահում այս ուղղությամբ ՌԴ նախաձեռնությունները:
Նոյեմբերի 26-ին ընդառաջ դիվանագիտական նման ինտենսիվ բնույթ կրող շփումները, ամենայն հավանականությամբ, կշարունակվեն նաև այսօր: Հատկանշականն այն է, որ բրյուսելյան հանդիպման վերաբերյալ օրերս Փաշինյանը նշել էր. «Բրյուսելի օրակարգի հարցերից մեկը լինելու է մարդասիրական հարցերը՝ կապված գերիների և ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում մեր հարաբերությունների հետ»։ Հեռակա շփումների նման ինտենսիվ բնույթը թույլ է տալիս պնդել, որ առջևում լուրջ գործընթացների ականատեսն ենք դառնալու: Կարելի է նաև ենթադրել, որ Սոչիի հանդիպման օրակարգում են լինելու ՀՀ-ի համար ամենածանր և բախտորոշ հարցերը, ադրբեջանական սցենարով, քանի որ ՀՀ-ի և ԼՂՀ-ի ռազմավարական երկարաժամկետ շահը ոչ Սոչիում, ոչ Բրյուսելում կայանալիք հանդիպումների օրակարգում չի նշմարվում:
Նյութի աղբյուրը՝ 168.am