«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ավելի քան 2 շաբաթ առաջ «Հետք» լրատվականը «Նախագահ Սարգսյանին փոխկապակցված ընկերությունը 7.5 մլն եվրոյով գույք է գնել Փարիզի Ելիսեյան դաշտերի մոտ» վերտառությամբ հրապարկում էր տպագրել: Լրատվականը գրել էր, որ Սարգսյանը 7.5 մլն եվրոյով երկու միավոր անշարժ գույք ձեռք էր բերել VH Estate ընկերության անունից, ինչը 2010-ին հիմնել են Արմեն Սարգսյանի քույրը՝ բժիշկ Կարինե Սարգսյանն ու վերջինիս դուստրը՝ Տաթեւիկ Սարգսյանը:  Աղբյուրի պնդմամբ՝ վերոնշյալ ընկերությունն իր տեսակով քաղաքացիական ընկերություն է, ինչը նշանակում է, որ այն կոմերցիոն գործունեություն չի ծավալում:

«Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցում էր ուղարկել նախագահի աշխատակազմ՝ պարզելու, թե վերոնշյալ հրապարակման մասով ինչ մեկնաբանություն ունի նախագահ Արմեն Սարգսյանը: Ի պատասխան մեր հարցմանը՝ հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից արձագանքել են. «Արմեն Սարգսյանը նախկինում զբաղեցրել է VH Estate ընկերության ոչ կոմերցիոն տնօրենի չվարձատրվող պաշտոնը, որից հրաժարվելու մասին դիմումը ներկայացրել է 2018 թվականին: Ինչ վերաբերում է այդ թեմայի շուրջ մամուլի հրապարակումներին, ապա դրանցում նշված տեղեկությունները բնավ գաղտնի չեն, ընդհակառակը՝ հրապարակային են եւ հասանելի բաց աղբյուրներում»:

Ստացվում է՝ նախագահ Արմեն Սարգսյանը ոչ միայն չի հերքում, որ զբաղեցնելով քաղաքական (ոչ կոմերցիոն) բնույթի կազմակերպության տնօրենի պաշտոնը՝ անշարժ գույք է ձեռք բերել Փարիզի կենտրոնում, այլեւ չի հերքում դրանց արժողության (գնի) մասին տեղեկությունը: Մնում է սպասել՝ հասկանալու համար, թե ինչ է սպասվում նման իրավիճակում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում