Թաղման նպաստի վճարման կարգը վերանայելու նախաձեռնությունից հրաժարվելու հետևանքով դրա հաշվին ակնկալվող միջոցները կենսաթոշակների բարձրացմանը չեն ուղղվի։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը պարզաբանել է, որ այդ միջոցներն ու կենսաթոշակների նախատեսված բարձրացումը փոխկապակցված էին։
Հովհաննիսյանն այս մասին ասել է նոյեմբերի 11-ին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում։
«Հայտարարել էինք, որ թաղման նպաստի փողն ուղղելու ենք թոշակների բարձրացմանը։ Բայց, քանի որ մտահոգություններ հնչեցին, և Աշխատանքի և բարեկեցության նախարարությունը որոշեց, որ այդ որոշումը հիմա պետք չի ընդունել, հետևաբար այդ միջոցները չեն ուղղվի այդ ուղղությամբ, ինչը տրամաբանական եմ գտնում»,- ասել է նախարարը։
Նոյեմբերի 9-ին աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ հանրային արձագանքներից և խորհրդարանական գործընկերների հետ քննարկումներից հետո որոշվել է թաղման նպաստի շահառուների շրջանակը վերանայելու նախաձեռնությունն առաջ չտանել։ Նպաստը կշարունակի տրամադրվել գործող կարգով, իսկ հանրային քննարկման ներկայացված նախագիծն Ազգային ժողով չի ուղարկվի։