ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբան Արմամ Մակինյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեն որոշել է Սերժ Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավել։ «Եվ զավեշտն այն է, որ երեք ու կես տարի Սիլվայի ցուցմունքը վերցնել-դնելով այսօր «որոշել են», որ նա նաև Սերժ Սարգսյանին է կաշառք տվել և դա այն դեպքում, երբ նույն գործով դեռևս երկու տարի առաջ Սերժ Սարգսյանը հարցաքննվել է որպես վկա և մինչ օրս որևէ նոր հանգամանք իրավական առումով չի փոխվել և չի ավելացել», — գրել է փաստաբան Մակինյանը ֆեսյբուքի իր էջում։

Խոսքն իհարկե տխրահռչակ Սիլվա Համբարձումյանի մասին է, ով ներկայանում է որպես գործարար և առանց ապացույցների պնդում, որ աջ ու ձախ կաշառքներ է բաժանել։

Ուշագրավն այն է, որ այս «գործի» շրջանակներում Սերժ Սարգսյանը դեռ 2018-ին է հարցաքննվել և իրավապահներն էլ են գիտակցել, որ գործ ունեն «օդ» հայտարարությունների հետ ու որքան էլ կա հրահանգ գործ «կարելու» այն իրագործել հնարավոր չէ։ Բացի այդ գործում նոր հանգամանքներ ի հայտ չեն եկել, հետեւաբար Սերժ Սարգսյանին մեղադրյալ ներգրավելու և հարցաքննության կանչելու իշխանական մոլուցքն այլ նպատակներ ունի։

Սյունիքի շուրջ տեղի ունեցող զարգացումները վերջին շրջանում խիստ անհանգստացրել են հանրությանը։ Իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հայտարարում է, որ սեղանին փաստաթուղթ կա դրած, որը պատրաստ է ստորագրելու։ Իշխանությունը, սակայն չի գաղտնազերծում, թե խոսքը ինչ բովանդակությամբ փաստաթղթի մասին է։ Արդյո՞ք Սերժ Սարգսյանին «մեկուսացնելու» իրական նպատակը ներքին ուժերն անում են արտաքին ուժերի դրդմամբ։ Սա թերեւս այս պահի ամենահավանական վարկածն է։

Ի վերջո «թավշյա» գործողություններով իշխանության եկածները անցած տարիների ընթացքում ունեցել են բազմաթիվ հնարավորություններ և լծակներ մեղադրանք առաջադրելու Սերժ Սարգսյանին, բայց չեն կարողացել, որովհետեւ դրանցում հիմքեր չեն եղել։ Ինչու՞ հենց այս օրհասական պահին վերհիշեցին 2018-ին տրված մի ցուցմունք, որը գրվել է մի կնոջ ձեռամբ, ով վաղուց բոլորի մոտ անլրջության «սիմվոլ» է համարվում։ Ու, իսկապես հանգամանքը, որ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվում բացառապես Համբարձումյան  Սիլվայի ցուցմունքը հաշվի առնելով,  խոսում է այն մասին, որ գործ ունենք ոչ թե իրական զարգացումների, այլ գործ «սարքելու» հետ։ Բայց այս անգամ էլ իշխանությունը չի հաջողի, հատկապես, որ սցենարը նույնն է, իրագործող «հերոսը»՝ նույնպես։

Irakanum.am