00:00:00

Փաշինյան-Ալիև հանդիպումից լավ սպասումներ չունեմ. չեմ բացառում, որ նոր փաստաթուղթ ստորագրվի․ Աբովյան

23:15, 20 նոյեմբեր 2021

Հաշվի առնելով իշխանությունների՝ վատ անակնկալներ մատուցելու սովորությունը, Փաշինյան-Ալիև հանդիպումից լավ սպասումներ չունեմ: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԱԺ 7-րդ գումարման ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը՝ անդրադառնալով դեկտեմբերի 15-ին Բրյուսելում նախատեսված Ալիև-Փաշինյանը հանդիպմանը: Արման Աբովյանը նախ անհասկանալի համարեց՝ ինչո՞ւ հենց Բրյուսել, և նկատեց, որ որևէ տեղեկություն չկա՝ ի՞նչ օրակարգով են հանդիպելու, ի՞նչ են քննարկելու: Դեռևս նոյեմբերի սկզբին ռուսական և հայկական կողմերը հայտարարել էին, որ նախատեսված է եռակողմ հանդիպում՝ ռուսական կողմի միջնորդությամբ, հանդիպումը սակայն այդպես էլ չկայացավ:
Թե ինչո՞ւ ռուսական կողմի առաջարկը մերժվեց և հանդիպման համար ընտրվեց արեւմտյան հարթակը, Արման Աբովյանը նշեց, որ իր համար ևս անհասկանալի է՝ ինչու՞ ընտրվեց հենց եվրոպական հարթակը. «Պարբերաբար անոնս էր արվում, որ եռակող հանդիպում պետք է լինի՝ ռուսական կողմի միջնորդությամբ, ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել էր, որ կան չհամաձայնեցված կետեր, երբ այդ կետերը կհամաձայնեցվեն, նոր հանդիպում կլինի: Մեկ էլ արի ու տես՝ Բրյուսել: Այդ ի՞նչ անհարթություններ էին և ի՞նչը հարթվեց, ինչու՞ բացի հանդիպման օրից և վայրից, ուրիշ ոչինչ չգիտենք, թող նախ օրակարգը հայտնեն»,-ասաց Աբովյանը: Վերջինս չբացառեց, որ հանդիպման ընթացքում նոր փաստաթուղթ ստորագրվի: ԱԺ նախկին պատգամավորը հարց բարձրացրեց. «Ի՞նչ փաստաթուղթ, ի՞նչ են իրենք ուզում ստորագրել, որևէ տեղեկություն չկա: Բացի շարունակական հայտարարություններից, որ պետք է գնալ խաղաղության և այլ ադրբեջանահաճո հայտարարություններից ոչինչ չկա»: Հարցին՝ ինչու՞ է ռուսական կողմը կրավորական կեցվածք ցուցաբերում իր ռազմավարական դաշնակից Հայաստանի ինքնիշխան տարածքում տեղի ունեցող գործընթացներում, Արման Աբովյանը ի պատասխան ևս հարց բարձրացրեց՝ իսկ հայկական կողմն այս ընթացքում ի՞նչ քայլեր է ձեռնարկել ռուսական կողմի հետ պատշաճ բանակցություններ վարելու համար. «Ես հենվում եմ մի տրամաբանության վրա՝ ու՞մ է ձեռնտու տարածաշրջանից Ռուսաստանի դուրս գալը՝ Թուրքիային և Ադրբեջանին, Ռուսաստանը դա չի՞ հասկանում, այսինքն` Ռուսաստան իր շահերի դե՞մ է գործում»,-ասաց Աբովյանը և նկատեց, որ հայկական կողմն ինքը համապատասխան քայլեր չի ձեռնարկում իր ինքնիշխան տարածքը պաշտպանելու համար, սակայն դիմում է դաշնակցի օգնությանը: Զրուցակիցը միևնույն ժամանակ նկատեց, որ Հայաստանի իշխանությունները մեկ դիմում են ՌԴ-ի օգնությանը, հետո էլ խոսում են Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելուց. «Եթե դու հրաժարվում ես պաշտպանել ինքդ քեզ և այսպես կոչված խաղաղության դարաշրջանի շղարշի տակ փորձում ես հարաբերություններ հաստատել քո թշնամիների հետ, սա անհասկանալի է: Հիշեք ռազմական հանցագործ Իլհամ Ալիևի հայտարարությունը, ըստ որի, ինքը համարում է, թե ամբողջ Հայաստանի տարածքը Ադրբեջան է, ադրբեջանցիները պետք է բնակվեն այդտեղ, ո՞վ եք դուք: Մի կողմից դիմում են Ռուսաստանի օգնությանը, մյուս կողմից էլ պատրաստվում են Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններ կարգավորել: Աբսուրդ է, դուք մի հատ հասկացեք՝ի՞նչ եք ուզում, հետո ուրիշների վրա բարդեք ձեր մեղքը: Այս իշխանության համար շուրջ բոլորը մեղավոր են՝ բացի իրենցից»,-ասաց Արման Աբովյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր