00:00:00

Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունը, ՀՀ տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության դեմ ուժի կիրառման սպառնալիքները լուրջ սպառնալիք են տարածաշրջանային կայունությանը. Միրզոյան

00:15, 20 նոյեմբեր 2021

Նոյեմբերի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Լիտվայի Սեյմի փոխխոսնակ Անդրիուս Մազուրոնիսի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն: Նախարար Միրզոյանը հյուրերին մանրամասն ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից սանձազերծված հերթական ագրեսիան՝ հավելելով, որ Ադրբեջանի ապակառուցողական և ծավալապաշտական քաղաքականությունը, ինչպես նաև՝ վերջինիս բարձրագույն իշխանությունների կողմից ամիսներ շարունակ Հայաստանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության դեմ ուժի կիրառման սպառնալիքները և ագրեսիվ հռետորաբանությունը լուրջ սպառնալիք են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը։ Այս համատեքստում Արարատ Միրզոյանն առանձնահատուկ կարևորել է միջազգային հանրության հասցեական և պատշաճ արձագանքը՝ կանխելու ադրբեջանական կողմի հետագա սադրանքները և նպաստելու տարածաշրջանում իրավիճակի լիցքաթափմանը: Լիտվայի Սեյմի փոխխոսնակը հաստատել է լիտվական կողմի սկզբունքային դիրքորոշումը, որ սահմանները չեն կարող փոփոխվել ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման միջոցով:
Զրուցակիցները կարևորել են երկու ժողովուրդների միջև ավանդական բարեկամական հարաբերությունների և ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված սերտ համագործակցությունը: Անդրիուս Մազուրոնիսը բարձր է գնահատել Հայաստանում հունիսին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունները և ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը: Հանդիպման ընթացքում անդրադառնալով երկկողմ օրակարգի մի շարք հարցերի՝ կողմերը գոհունակություն են հայտնել բարձր մակարդակի փոխայցելությունների ակտիվության և հայ-լիտվական հարաբերությունների զարգացման դինամիկայի առնչությամբ: ՀՀ ԱԳ նախարարն ու լիտվացի խորհրդարնականներն ընդգծել են երկրների խորհրդարանների միջև ակտիվ համագործակցության նշանակությունը՝ կարևորելով նաև բարեկամական խմբերի դերը: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակներում Հայաստանի և Լիտվայի միջև ձևավորված արդյունավետ փոխգործակցությունը: Ընդգծվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ ու տևական կարգավորման անհրաժեշտությունը։ Անդրադառնալով հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրներին՝ կողմերը կարևորել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց շուտափույթ հայրենադարձումը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր