Հայաստանում կառավարող քաղաքական մեծամասնությունն այդպես էլ չկարողացավ գիտակցել իր դերը, ինչպես նաեւ քաղաքացիներից ստացած մանդատի արժեքը։ Այս մասին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցի ժամանակ նոյեմբերի 19-ին ասաց «Հայաստան» խորհրդարանական ընդդիմադիր խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Խորհրդարանականի խոսքով՝ այն անգամ չկարողացավ տարբերել առաջնահերթ խնդիրները երկրորդականներից։

«Եվ որ ամենավատն է՝ կառավարող մեծամասնությունը շարունակում է մնալ նույն դրության մեջ»,- նշեց Մինասյանը։

Քաղաքական գործչի կարծիքով՝ երկրի անվտանգության հետ կապված կարեւորագույն հարցերը գերակա դարձնելու փոխարեն իշխանությունները հերթական կեղծարարություններով փորձում են շեղել հասարակության ուշադրությունը ստեղծված ծանրագույն իրավիճակից։

«Այնպես որ, մենք դեռեւս հավատարիմ ենք մեր մոտեցմանը։ Մասնավորապես, մենք կարծում ենք, որ այս իշխանությունները խոչընդոտ են, սպառնալիք  են երկրի անվտանգության եւ ինքնիշխանության վերականգնման համար»,- ասաց ընդդիմադիրը։

Պատգամավորը համոզված է, որ այս իշխանությունները պետք է հեռանան։

«Այդ ժամանակ մենք կկարողանանք վերականգնել մեր երկրի ինքնիշխանությունը եւ արժանապատվությունը»,- ասաց Մինասյանը։