Նոյեմբերի 16-ին ՀՀ արեւելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների հարձակման հետեւանքով ծավալված մարտերի ընթացքում զոհված կրտսեր սերժանտ Արթուր Մարտիրոսյանը Լոռու մարզի Անտառամուտ համայնքից էր։

23–ամյա Արթուրը ժամկետային ծառայությունից հետո մեկնել էր արտագնա աշխատանքի, ապա վերադարձել ու աշխատանքի անցել որպես պայմանագրային զինծառայող։ Արթուր Մարտիրոսյանը 44–օրյա պատերազմի մասնակից էր։

«Ընտանիքը վատ պայմաններում է ապրում։ Ընտանիքին պահելու համար մտել էր  պայմանագրային զինծառայող էր աշխատում։ Ապրում էր ծնողների ու եղբոր հետ, երկու քույր ունի, որոնք ամուսնացած են, ինքը տան փոքրն էր։ Արթուրը շատ ընտիր, ճարպիկ, խելոք, ամբողջ գյուղին հարեհաս տղա  էր, իր մասին ամենալավն բաները կարող եմ ասել»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց Անտառամուտ համայնքի ղեկավար Արայիկ Գեւորգյանը։

Արթուրը մեկն է այն 24 զինծառայողներից, ում հետ կապը կորել էր մարտական գործողությունների ընթացքում։ Համայնքում հույս էին փայփայում, որ Արթուրը կգտնվի, տուն կվերադառնա, բայց քիչ առաջ՝  Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ կարդացել են նաեւ իրենց համագյուղացու տվյալները։

Համայնքի ղեկավարի խոսքով, Արթուրը ծառայում էր Սյունիքում, այսօր էլ պիտի հերթապահությունից վերադառնար։ Արթուրի հետ ծնողների վերջին կապը եղել է մինչեւ ռազմական գործողությունների սկսելը։

«Արթուրը պատերազմում վիրավորվելուց հետո հիվանդանոց էր տեղափոխվել, բայց իր տեղը չէր գտնում։ Ուզում էր նորից գնալ կռիվ, բայց  բժիշկները չէին թույլատրել, ինքն էլ փախել էր ու գնացել իր գումարտակի, ընկերների մոտ»,– մեզ հետ զրույցում պատմեց Արթուրի ընկերներից՝ Արտավազդը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16–ին,ժամը 13։00-ի սահմանում,  Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան ուղղությամբ հարձակում էին գործել հայկական դիրքերի վրա։ Հակառակորդը կիրառել էր հրետանային միջոցներ, զրահատեխնիկա եւ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությամբ՝ 18։30-ից կրակը դադարեցվել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է։

Պաշտպանության նախարարությունը նախ հայտնել էր մեկ զոհի մասին, որը 1991 թվականին ծնված պայմանագրային զինծառայող Մերուժան Արթուրի Հարությունյանն է։ Նախարարությունը հաղորդել, որ  կա 13 գերեւարված զինծառայող, իսկ 24 զինծառայողի հետ կապը կորել էր, եւ նրանց ճակատագիրն այդ  պահին անհայտ էր։

Այսօր՝ նոյեմբերի 19–ին, նախարարությունը հայտնեց, որ ՀՀ արեւելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների հարձակման հետեւանքով ծավալված մարտերի ընթացքում հայկական կողմը, այս պահի տվյալներով, ունի 6 զոհ: Նրանք են՝ 1990թ. ծնված, ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի Սահակյանը, պայմանագրային զինծառայողներ՝ 1991թ. ծնված, կրտսեր սերժանտ Մերուժան Արթուրի Հարությունյանը, 1990թ. ծնված, շարքային Գուրգեն Աշոտի Սարգսյանը, 1998թ. ծնված, կրտսեր սերժանտ Արթուր Ջիվանի Մարտիրոսյանը, 1980թ. ծնված, շարքային Դավիթ Հելբերտի Ամիրյանը։ Եվս մեկ զոհված զինծառայողի ինքնություն դեռ պարզվում է։

Ռուսական կողմի միջնորդությամբ եւ մասնակցությամբ շարունակվում են ինտենսիվ աշխատանքները՝ մարտերի արդյունքում գերեվարվածների վերադարձի եւ անհետ կորածների հայտնաբերման ուղղությամբ։