Նոյեմբերի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ։

Արարատ Միրզոյանը Նիկոս Դենդիասին մանրամասն ներկայացրել է Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը։

Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ադրբեջանական հերթական ագրեսիային նախորդել են Ադրբեջանի բարձրագույն իշխանությունների կողմից ամիսներ շարունակ Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունները և ուժի կիրառման սպառնալիքները, այդ թվում ուժով «միջանցք բացելու» ապօրինի հայտարարությունները, հայատյաց և ռազմատենչ հռետորաբանությունը:

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև շեշտել է Ադրբեջանի վերոնշյալ վարքագծի ու գործողությունների վերաբերյալ պատշաճ ու հասցեական արձագանքի կարևոր դերակատարությունը՝ ադրբեջանական կողմի հետագա սադրանքների զսպման և իրավիճակի լիցքաթափման գործում:

Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգության փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, մտքեր փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ: