Սիսիանում վիճակը հանգիստ է, հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ բանակցություններ են ընթանում անհայտ կորածների հայտնաբերման, գերիներին վերադարձնելու շուրջ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը։

«Դիրքերի համար ոչ մի բանակցություն չի գնում, ադրբեջանական զորքը հետ չի  քաշվել։ Ըստ չստուգված տվյալների, երեք դիրք է Ադրբեջանը վերցրել։ Այդ դիրքերը շատ կարեւոր էին, որովհետեւ այդտեղից տեսանելի է ոչ միայն մեր ուսումնական կենտրոնը, այլեւ Սիսիանի օդանավակայանը, Կապան–Մեղրի–Երեւան միջպետական ճանապարհը, որը հատում է Սիսիանի տարածաշրջանը։ Ույծ գյուղը ֆերմաներ ունի, հիմա ադրբեջանցիները անմիջապես այդ ֆերմաների գլխին եւ կողքով տեղակայվել են»,– ասաց նա։

Հարցին, թե ինչու Ադրբեջանը դիմեց էսկալացիայի, Աշոտ Մինասյանն արձագանքեց.
«Ադրբեջանի նպատակը միջանցք ուզելն է, որի նախնական համաձայնությունը տվել է մեր երկրի ղեկավարը եւ հետո հրաժարվել է իր տված խոստումից, քանի որ միջանցք տալ նշանակում է կործանել Հայաստանը։ Կարծում եմ բանակցությունները վարվում են  ճանապարհ կամ միջանցք բառերի մանեւրելու վրա, այսինքն՝  ո՞րը կարող են տալ, որը՝ ոչ։ Գուցե Նիկոլ Փաշինյանի ռուսերենի իմացությունը չի հերիքել հասկանալ, որ ճանապարհը այլ նշանակություն ունի, միջանցքը՝ այլ։ Խոսքը Մեղրիի միջանցքի մասին չէ, Խնձորեսկ–Անգեղակոթ– Բիչենեկ հատվածի մասին է նաեւ»։
Ըստ Սիսական ջոկատի հրամանատարի՝ ռուսական կողմի միջնորդությամբ ձեռքբերված հրադադարը չի կարող կայուն լինել, եւ Ադրբեջանը կրկին կդիմի էսկալացիայի։
Աշոտ Մինասյանը հավելեց, որ պատրաստվում է Պաշտպանության նախարարություն գրություն ուղարկել, որպեսզի անհրաժեշտության դեպքում ջոկատը թույլտվություն ունենա մասնակցել ռազմական գործողություններին։

Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան ուղղությամբ երեկ ծայրահեղ լարված էր։ Ժամը 13։00-ի սահմանում Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումները հարձակում էին գործել հայկական դիրքերի վրա։ Հակառակորդը կիրառել էր հրետանային միջոցներ, զրահատեխնիկա եւ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությամբ՝ 18։30-ից կրակը դադարեցվել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է։

ՊՆ–ի հաղորդմամբ, նոյեմբերի 17-ին, ժամը 10։00-ի դրությամբ, իրադրությունը ՀՀ արեւելյան սահմանագոտում, հարաբերականորեն կայուն է, կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում պահպանվում է։
Պաշտպանության նախարարությունը դեռեւս հայտնել է միայն մեկ զոհի մասին՝ 1991 թվականին ծնված պայմանագրային զինծառայող Մերուժան Արթուրի Հարությունյանը։ Կա 13 գերեւարված զինծառայող։ 24 զինծառայողի հետ կապը կորել է, եւ նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։