ՀՀ իշխանությունը Ռուսաստանից ակնկալում է, որ իր ռազմավարական գործընկերը կօգնի լուծել Ադրբեջանի վերջին գործողությունների հետ կապված խնդիրները։ Այս մասին «Կոմերսանտ»-ի հետ զրույցում Մոսկվայում ընթացող ԱՊՀ երկրների ԱԽ քարտուղարների նիստի շրջանակում ասել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նա պատասխանել է հարցին, թե ինչ օգնություն է ակնկալում Երեւանը՝ դիմելով Մոսկվային 1997թ․ պայմանագրի շրջանակում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Գրիգորյանը կոչ է արել Ռուսաստանին «պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը»։ «Պատրաստվում է գրավոր դիմում»,-հավելել է նա։

«Այժմ Հայաստանի ինքնիշխան տարածքում են գտնվում ադրբեջանական զինված ուժեր։ Դա ագրեսիայի ակտ է։ 1997 թվականին Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվեցին նման դեպքերում փոխադարձության սկզբունքով օգնել միմյանց։ Դա էր պատճառը, որ դիմեցինք Ռուսաստանին»,-ասել է Գրիգորյանը «Կոմերսանտ»-ի հետ զրույցում։

Հստակեցնող հարցին, թե կոնկրետ ինչ օգնության մասին է խոսքը՝ դիվանագիտակա՞ն, թե՞ ռազմական, Գրիգորյանը պատասխանել է․ «Մենք կողմ ենք նրան, որ այդ խնդիրը լուծվի դիվանագիտական ճանապարհով։ Սակայն եթե դիվանագիտական ճանապարհով այն անհնար է լուծել, ապա խնդիրը պետք է լուծվի ռազմական ճանապարհով»։

Ավելի վաղ Գրիգորյանը հասկացրել էր, որ «Երեւանը կարող է օգնություն խնդրել նաեւ միջազգային գործընկերներից»։ Ռուսական պարբերականի հետ զրույցում նա վստահեցրել է, որ առաջնահերթ են հենց Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ն։ «Սակայն եթե որոշում չկայացվի, ապա մենք կդիտարկենք նաեւ այլ հնարավորություններ»,-հավելել է ՀՀ ԱԽ քարտուղարը։

Հիշեցնենք, որ երեքշաբթի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նորից լիարժեք մարտեր են բռնկվել։ Թեժացումը տեղի է ունեցել Հայաստանի Սյունիքի մարզում, որտեղ երկրները բաժանվում են վիճելի սահմանով։ «Հայկական կողմը քանիցս դիմել է ռազմական սադրանքների Շուշիի, Լաչինի եւ Քելբաջարի ուղղությամբ։ Վերջին լայնածավալ գրոհը տեղի ունեցավ այսօր։ Բաքուն համարժեք արձագանքեց Հայաստանի սադրանքին»,-երեքշաբթի հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մամուլի ծառայությունը՝ մեկնաբանելով նրա զրույցը Շառլ Միշելի հետ։ Երեւանը թեժացման ամբողջ մեղքը դնում է Բաքվի վրա։

Մարտերի հետեւանքով, Հայաստանի պաշտպանության նախարարության տվյալներով, գերի է վերցվել 13 հայ զինվոր, մեկը զոհվել է, կորել է կապը եւս 24 զինծառայողի հետ։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է իր կողմից յոթ զոհի եւ տասը վիրավորի մասին։ Հրաձգությունը հաջողվել է դադարեցնել այն բանից հետո, երբ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսով խոսել է Հայաստանի եւ Սդրբեջանի պաշտոնակիցների հետ։

«Ռուսաստանյան կողմի ակտիվ մասնակցության շնորհիվ մարտական գործողությունները դադարել են, բայց խնդիրը չի լուծվել, որովհետեւ ադրբեջանական զինված ուժերը շարունակում են մնալ Հայաստանի ինքնիշխան տարածքում,- չորեքշաբթի ամփոփել է Արմեն Գրրիգորյանը,-Բոլոր քարտեզներով, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ-ի ժամանակ, այդ բոլոր տարածքները Հայաստանի ինքնիշխան տարածքներ են հանդիսանում»։ Ընդ որում՝ «Կոմերսանտի» զրուցակիցը ավելացրել է. ԱՊՀ նիստի շրջանակում իր կողմից ոչ մի շփում  ադրբեջանցի գործընկերոջ՝ Ռամիլ Ուսուբովի հետ չի նախատեսվում։