00:00:00

Մահացել է Արցախի ԱԱԾ Հադրութի շրջանային բաժնի պետը

16:06, 17 նոյեմբեր 2021

Նոյեմբերի 15-ին կյանքից անժամանակ հեռացել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության Հադրութի շրջանային բաժնի պետ, գնդապետ Սերգեյ Ալեքսեյի Միրզոյանը: Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԱԾ-ն: ԱԱԾ ղեկավարության և անձնակազմի կողմից ցավակցում ու զորակցություն ենք հայտնում Սերգեյ Միրզոյանի ընտանիքին, հարազատներին ու բարեկամներին։ Սերգեյ Միրզոյանը ծնվել է 1979 թ.-ին Հադրութ քաղաքում: 1996-2007 թթ.-ին ծառայել է ԼՂՀ ՊԲ-ում: 2007 թ.-ին ավարտել է «Գրիգոր Նարեկացի» համալսարանի «Իրավագիտություն» բաժինը: 2007 թ.-ից ծառայում էր ԱՀ Ազգային անվտանգության ծառայությունում: Ունի մի շարք պետական և գերատեսչական պարգևներ: 2012 թ.-ին պարգևատրվել է «Ծովակալ Իսակով», 2015 թ.-ին՝ «Մարտական համագործակցության համար», 2016 թ.-ին՝ «Մարտական ծառայություն» մեդալներով: 2015 թ.-ի հունիսի 1-ից զբաղեցնում էր ԱՀ ԱԱԾ Հադրութի շրջանային բաժնի պետի պաշտոնը: 2019 թ.-ի օգոստոսի 12-ին պարգևատրվել է «Վահան-2019» շնորհակալագրով՝ հատուկ սահմանային օպերացիայի ընթացքում ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Սահմանապահ զորքերի հետ համագործակցության համար: 2019 թ.-ի դեկտեմբերին՝ ԱՀ Նախագահի հրամանագրով Ս. Միրզոյանին շնորհվել է «գնդապետ»-ի զինվորական կոչում: 2020 թ.-ի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի առաջին իսկ պահից Սերգեյ Միրզոյանը գտնվում էր Հայրենիքի պաշտպանության առաջնագծում: Նա արիաբար պայքարել է Հադրութ քաղաքի, Հադրութի շրջանի և Արցախի մյուս բնակավայրերի պաշտպանության համար մղվող մարտերում: ԱՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար 2020 թ.-ի հոկտեմբերի 13-ին ԱՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով: Ամուսնացած էր, ունի երկու դուստր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր