168.am-ը գրում է․

Հայաստանի արևելյան սահմանագոտում առավոտից ծանր մարտեր են ընթանում:  Մինչ ԶԼՄ-ները, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան «Հայկական ժամանակը», զոհերի ու գերեվարվածների մասին տեղեկություն էին հայտնում, Պաշտպանության նախարարությունը (ՊՆ) կամ չէր արձագանքում, կամ հերքում էր դրանք: Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող թերթը ժամը 13:15-ին գրել էր, որ հայկական և ադրբեջանական կողմերի միջև սկսված փոխհրաձգության հետևանքով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, մոտավորապես՝ 10 զոհ և 6 վիրավոր: Նույն այդ կայքի տեղեկություններով՝ գերեվարվել է 6 զինծառայող, ունենք 2 մարտական դիրքի կորուստ:

Ի վերջո, ՊՆ-ն հաստատեց զոհերի և վիրավորների վերաբերյալ լուրը, սակայն հաստատեց միան թվով 4 վիրավորների փաստը, զոհերի և մյուս վիրավորների թիվը ճշտվում է: «Ժամը 15։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում էական փոփոխություններ չի կրել։ Ընթանում են տեղային մարտեր՝ հրետանային միջոցների, զրահատեխնիկայի և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ։ Հակառակորդն ունի զրահատեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ։ Հայկական կողմից զոհերի և վիրավորների մասին տվյալները ճշտվում են։ Այս պահին հստակ հայտնի է 4 վիրավորի մասին»,- հաղորդեց ՊՆ-ն:

«Ժամը 16։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների՝ հայկական դիրքերի վրա նախաձեռնած հարձակման հետևանքով սկսված մարտերի արդյունքում հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, որոնց վերաբերյալ տվյալները ճշտվում են, ինչպես նաև հայտնի է երկու մարտական դիրքի կորստյան մասին»,- ավելի ուշ տեղեկացրեցին պաշտպանական գերատեսչությունից:

Մինչ այդ Ազգային ժողովում (ԱԺ) իշխանական խմբակցությունն ընդդիմադիր խմբակցությունների բոյկոտի պայմաններում քննարկում է սնդիկի, կենդանիներին ազատ կամ անազատ պահելու, Հարկային օրենսգրքում փոփոխությունների ու այլ հարցեր:

Նիստի արանքներում ՔՊ-ական պատգամավորները պաթետիկ ելույթներ են ունենում իրավիճակի վերաբերյալ ու միաբերան դիմում ՌԴ-ին ու ՀԱՊԿ-ին, վերջինիս սպառնում այլ գործընկերների փնտրտուքով:

Որոշ պատգամավորներ ավելի հեռուն են գնում՝ անգլերենով դիմելով միջազգային հանրությանը:

Հընթացս Անվտանգության խորհրդի քարտուղար (ԱԽՔ) Արմեն Գրիգորյանն է վազում Հ1-ի եթեր ու հայտարարում, որ դիմում է Ռուսաստանին ու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ)` վերականգնելու համար ՀՀ տարածքային ամբողջականությունը, այլապես… Մնացածը՝ ԱԺ-ի սցենարով:

Նիկոլ Փաշինյանը չկա… Հայաստանի դե յուրե ղեկավարը, արդեն քանի օր է, ծպտուն անգամ չի հանել ոչ տեղադրվող ադրբեջանական անցակետերի, ոչ սահմանային լարվածության, ոչ էլ այսօրվա մարտական գործողությունների վերաբերյալ:

Հարբած ժամանակ ուղիղ եթեր մտած ու իրեն գերագույն գլխավոր հրամանատար հորջորջած անձը, ով հաջողությամբ տանուլ տվեց Արցախյան 44-օրյա պատերազմն ու մսխեց 30 տարվա ձեռքբերումները, հանձնեց Սյունիքի բարձունքներն ու մարզը դրեց ադրբեջանական ուղիղ նշանառության տակ, կորել է:

Հավանաբար կհայտնվի հերթական թրքամետ փաստաթուղթը ստորագրելուց հետո ու որևէ բունկերից կհայտարարի, որ եթե Սյունիքը, օրինակ, չհանձներ, Երևանի 1 միլիոն բնակչությունը կոչնչացվեր: Ու դրան կհավատա 680.000 ՀՀ չափահաս և իրեն ձայն տված ընտրող:

Այստեղ տեղին է հիշել 2021թ. հոկտեմբերի 3-ին ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի վերլուծությունը իրադարձությունների հնարավոր զարգացման մասին:

«Ինչ վերաբերում է արտաքին ուժերին, ոչ, իհարկե, նրանք չեն ավարտել իրենց գործը, և իմ կարծիքով, արտաքին ուժերը, քանի որ դրանք միաբևեռ չէին, հիմա այսպես ուշադիր հետևում են, թե կապիտուլյանտն իրենցից ում կխաբի: Հենց տեսան, որ իրենց խաբում է, արդեն մեզ հակառակորդ չեն լինելու: Չեմ ասում՝ մեզ օժանդակելու են, բայց հակառակորդ չեն լինելու: Լինելու են օբյեկտիվ: Ինչո՞ւ եմ ասում, որովհետև այսօր որևէ օբյեկտիվ վերաբերմունք Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին չկա… Եթե մենք սրանց արածի 10%-ն անեինք, երևի մեզ 10 հայտարարություն բաժին կհասներ: Իսկ սա նշանակում է, որ դեռևս հանդուրժում են և սպասում են՝ իրենց ակնկալիքները կիրականանա՞ն, թե՞ ոչ»,- ասել էր Սերժ Սարգսյանը:

Մնում է հասկանալ՝ ում է այս անգամ «քցել» Նիկոլ Փաշինյանը, և ով է լինելու հնարավոր օբյեկտիվ արտաքին ուժը:

Ի դեպ, երեկ կալանավորվեց Սիսիանի նախկին համայնքապետ, այժմ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը, ով այս կամ այն դեպքում մեկ ամսից լինելու է ազատության մեջ, որովհետև լրանում է մեղադրանքի վաղեմության ժամկետը:

«Ինչո՞ւ էր պետք մեկ ամսով կալանավորել Արթուր Սարգսյանին», կամ «Ինչո՞ւ պետք է Արթուր Սարգսյանն այսօր ազատության մեջ չլիներ» հարցերի պատասխանը Սիսիանում այսօր ընթացող մարտերն են:

Ինքը՝ Արթուր Սարգսյանը, երեկ «Վարդաշեն» ՔԿՀ-ի բակում ասաց՝ պատրաստվում էր մեկնել Սիսիան: Իսկ միգուցե Սիսիանի նախկին համայնքապետը կարող էր արդյունավետ ինքնապաշտպանությո՞ւն կազմակերպել…

Նյութի աղբյուրը՝ 168.am