00:00:00

Բաքուն պնդում է, թե հայ զինվորներ են զինաթափվել և գերեվարվել

18:55, 16 նոյեմբեր 2021

Պաշտոնական Բաքուն հայտնում է հայ զինվորների գերեվարման մասին։ Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ հայկական Զինված ուժերն այսօր Քելբաջարի և Լաչինի շրջաններում «լայնածաված ռազմական սադրանք են իրականացրել», որն «ավարտվել է հայ զինվորների զինաթափմամբ և գերեվարմամբ»։ Թե քանի հոգի է գերեվարվել, Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները չեն հստակեցնում։ «Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումները լայնածավալ ռազմական սադրանք են իրականացրել։ Պետական սահմանին գտնվող բարձունքներ գրավելու և առավել շահեկան դիրքեր ստանալու նպատակով ռազմական առավելության հասնելու համար Հայաստանի Զինված ուժերը նոյեմբերի 16-ին ժամը 11։00-ին ռազմական գործողություն են իրականացրել», - ասվում է Ադրբեջանի ՊՆ-ի պաշտոնական հաղորդագրությունում։ Գերատեսչությունը հավելում է, թե Հայաստանի Զինված ուժերը, կենտրոնացնելով լրացուցիչ կենդանի ուժ և տեխնիկա Հայաստանի «Բասարքեչարի» և «Գարաքիլսայի» շրջաններում գտնվող իրենց սահմանային դիրքերում, գրոհել են Ադրբեջանի Քելբաջարի և Լաչինի շրջաններում տեղակայված ադրբեջանական բանակի դիրքերը։ «Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ականանետերից Ադրբեջանի զինված ուժերի դիրքերի ինտենսիվ գնդակոծության արդյունքում զգալի վնաս է հասցվել դիրքերին։ Նախնական տվյալներով՝ Ադրբեջանի զինված ուժերի երկու զինծառայող վիրավորվել է», - ասվում է ադրբեջանական կողմի հաղորդագրությունում։ Հայկական կողմն առայժմ այս հաղորդմանը չի արձագանքել, ավելի վաղ տեղեկացրել է ժամը 13-ի սահմաններում արևելյան սահմանագոտու ուղղությամբ ադրբեջանցիների կողմից հայկական դիրքերի գնդակոծության և հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով պատասխան գործողությունների մասին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր