00:00:00

Ռուս փորձագետը չբացառեց Գորիս-Կապան ճանապարհի օրինակով Լաչինում սահմանային եւ մաքսային հսկողություն սահմանելը

01:19, 12 նոյեմբեր 2021

Ղարաբաղում պատերազմի ավարտից հետո մեկ տարում իրավիճակը կտրուկ փոխվել է եւ շարունակում է փոխվել։ Այս մասին նոյեմբերի 11-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Անդրեյ Արեշեւը։ «Հիմնականում սա կապված է Հայաստանի արտաքին քաղաքական սուբյեկտայնության կորստի հետ՝ որպես նրա պարտության հետեւանք։ Երկրորդ գործոնը տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության կտրուկ աճն է։ Երրորդ գործոնը Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբն է, որը միջնաժամկետ հեռանկարում պահպանում է նոր ստատուս-քվոն։ Ինչ վերաբերում է երկարաժամկետ հեռանկարին, ապա հայտնի չէ, թե ինչ կլինի Ղարաբաղում, եւ ինչ պայմանավորվածություններ ձեռք կբերեն Մոսկվան եւ Բաքուն՝ հաշվի առնելով Հայաստանի ղեկավարության հեռավորությունը Ղարաբաղի ճակատագրից»,- նշեց նա։ Հայաստանի ղեկավարության բոլոր հնարավոր զիջումները, որոնցից է Գորիս-Կապան մայրուղու վրա ադրբեջանական սահմանային եւ մաքսային անցակետի տեղակայումը, նրա խոսքով, հրահրում են Հայաստանում ստեղծված իրավիճակից օգտվելով շատ ավելին ստանալու հակառակ կողմի մտադրությունները։ «Սա կարող է հանգեցնել տարբեր միջադեպերի, որոնք ռուսական կողմը կփորձի թույլ չտալ։ Սակայն, կա ըմբռնում, որ տարածաշրջանում գործում են տարբեր խաղացողներ։ Ոմանք նմանություն են տեսնում Հայաստանի եւ Սիրիայի միջեւ։ Սա ստեղծում է պոտենցիալ պայթյունավտանգ իրավիճակ։ Լարվածության մյուս օջախը Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների կողմից հսկվող հատվածն է, որի շրջագծով հնարավոր են նաեւ տարատեսակ միջադեպեր, այդ թվում ողբերգական՝ խաղաղ բնակիչների սպանություններով, ինչպես եղավ նոյեմբերի 8-ին Շուշիի մոտ։ Նման միջադեպերը եւ դրանց մասին հակառուսական տեղեկատվության հրամցնումը դժվար թե դրական հետեւանքների հանգեցնեն»,- ընդգծեց Անդրեյ Արեշեւը։ Հայաստանի գործող իշխանությունը, ըստ քաղաքագետի, հստակ դիրքորոշում չի հնչեցնում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ՝ նրանք համաձայնությամբ են պատասխանում ուղիղ հակառակ առաջարկներին։ «Այնպես որ, Հարավային Կովկասում հաղորդակցություններով ստիպված է Ռուսաստանը զբաղվել: Կարծում եմ, որ «Զանգեզուրի միջանցքի» թեման ինչ-որ չափով չափազանցված եւ ուռճացված է, առաջին հերթին, Բաքվի եւ Անկարայի ջանքերով, որոնց համար այդ միջանցքը շահավետ է։ Չեմ կարծում, որ այս թեմայի շրջանառումը ձեռնտու է Ռուսաստանին կամ Իրանին։ Սակայն Բաքուն լուրջ հաղթաթուղթ ունի, որը, անկասկած, կօգտագործի։ Խոսքը Լաչինում սեփական սահմանային եւ մաքսային հսկողություն կազմակերպելու Բաքվի մտադրության մասին է՝ այն դեպքում, եթե Սյունիքով երթեւեկությունը բացելու հարցը ձգձգվի։ Այստեղ եւ համաձայնեցման բարդ գործընթաց է սպասվում։ Եւ այս ամենը Հայաստանի ղեկավարության անգործունակության պայմաններում»,- եզրափակեց Արեշեւը։ Հիշեցնենք, որ կեսգիշերից ադրբեջանական կողմը մաքսային անցակետեր է տեղակայել Գորիս-Կապան ավտոճանապարհին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր