ՀՀ Առողջապահության նախարարությունը հաստատել է Irakanum.am-ի տեղեկություններն այն մասին, որ ընթացիկ տարում նախարար Անահիտ Ավանեսյանը երկու անգամ օգտվել է սանավիացիայի ծառայություններից և մեկնել Տավուշի ու Սյունիքի մարզեր։ Ուղղաթիռի մեկ ժամվա արժեքը կազմում է մոտ 700 հազար դրամ։

Թե ո՞րն էր հրատապությունը, որ Անահիտ Ավանեսյանին ստիպել է մարզեր մեկնել ոչ թե ծառայողական մեքենայով, այլ՝ սանավիացիայով, փորձել էինք պարզել գրավոր հարցմամբ։ Առողջապահության նախարարություն ուղարկված գրավոր հարցմամբ խնդրել էինք տրամադրել տեղեկություններ նաև այն մասին, թե որքան գումար է ծախսվել այդ նպատակով և որտեղից է այն հատկացվել։

Առողջապահության նախարարությունից, սակայն զավեշտի հասնող պատասխան են ուղարկել։ Ըստ նախարարության պատասխանի Անահիտ Ավանեսյանն ընթացիկ տարում երկու անգամ է օգտվել սանավիացիայի ծառայությունից։ «Անահիտ Ավանեսյանը «Սանավիցիայի» ծառայության միջոցով Տավուշի և Սյունիքի մարզեր օգնության շտապող մասնագետների խմբին է միացել երկու անգամ։ Եվ, քանի որ դրանք շտապ բժշկական օգնության կանչեր են եղել, վճարվել է սահմանված կարգով»,- ասված է նախարարության պատասխանի մեջ։

Նախարարությունից անպատասխան են թողել մեր հարցման այն հատվածը, որը վերաբերում էր ծախսված պետական միջոցներից։

Բայց արձանագրենք ամենակարևորը․ Անահիտ Ավանեսյանի ղեկավարած կառույցը լկտի սուտ է ասել։ Տավուշի և Սյունիքի մարզեր այցի ընթացքում որեւէ շտապ բժշակական առաքելություն նախարարը չի իրականացրել, նախ, որ մասնագիտությամբ իրավաբան նախարարը համապատասխան ունակություններ չունի և հետո նախարարության սուտը անկերև է դառնում նույն այցերի վերաբերյալ նախարարության հաղորդագրություններից։

Այսպես․ ըստ նախարարության հաղորդագրության 2021 թվականի մայիսի 7-ին Անահիտ Ավանեսյանը, ով նախարարի պաշտոնակատարն էր այցելել է Տավուշի մարզ, որտեղ քննարկել է կորոնավիրուսային (COVID-19) հիվանդության դեմ պատվաստումներին վերաբերող մանրամասներ: Այցի շրջանակներում Անահիտ Ավանեսյանն այցելել է նաև «Տավուշ» բժշկական կենտրոնում («Իռվինգ» ՍՊԸ), ծանոթացել ընթացիկ աշխատանքներին, զրուցել բուժաշխատողների հետ:

Իսկ ահա Սյունիքի մարզ Անահիտ Ավանեսյանը այցելել է տեղակալների հետ, հանդիպել մարզի ղեկավարության հետ, ապա եղել Կապանի և Գորիսի ԲԿ-ներում։ Անգամ նախարարի տեղակալները՝ Լենա Նանուշյանն ու այդ ժամանակ պաշտոնավարող Արտյոմ Սմբատյանը մեծագույն ցանկության դեպքում չէին կարող բժշկական որեւէ օգնություն ցուցաբերել։ Նանուշյանը՝ առողջապահության կազմակերպիչ է, Սմբատյանն էլ՝ հարկայինի աշխատող։

Հավելենք, որ մեր ունեցած տեղեկություններով նախարարի ուղղաթիռով «վոյաժների» համար պետական բյուջեից հատկացվել է ավելի քան 2 մլն դրամ։

Սա պետական միջոցների անարդյունավետ ծախսման դասական օրինակ է, որով թերևս պետք է իրավապահները զբաղվեն։

Հ․ Գ․ Իհարկե Տավուշի և Սյունիքի մարզեր՝ ուղղաթիռով այցը արդարացնելու նախարարի ու նախարարության ճիգերը «գնահատելի» են և չի բացառվում, որ վաղն էլ Անահիտ Ավանեսյանը շտապ օգնության մեքենայի «միգալկեքը» միացնել տա և գնա օրինակ համալիր։

Irakanum.am