Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովում քննարկվեց և հավանություն ստացավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի խումբ պատգամավորների հեղինակած ԶԼՄ օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որով առաջարկում են արգելել չնույնականացվող աղբյուրին հղում կատարելը:

Նախագիծը շրջանառության մեջ էր դրվել դեռևս նախորդ գումարման ժամանակ: Հեղինակներն են Արթուր Հովհաննիսյանը, Վահագն Հովակիմյանը, Սարգիս Խանդանյանը, Թագուհի Ղազարյանը, առաջին երեքը նախկին լրագրողներն են: Նախագիծը ներկայացրեց Արթուր Հովհաննիսյանը:

Չնույնականացվող աղբյուր հասկացությունը բնորոշվում է որպես համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող կայք կամ համացանցային կայքի կամ հավելվածի օգտահաշիվ, կամ ալիք, կամ էջ, որի տնօրինողի նույնականացման տվյալները բացակայում են կամ ակնհայտ կեղծ են կամ թերի, եթե այդ թերությունը թույլ չի տալիս նույնականացնել տնօրինողի աղբյուրը:

Տնօրինողի նույնականացման տվյալներն են աղբյուրը տնօրինող ֆիզիկական անձի անուն-ազգանունը, բնակության կամ հաշվառման վայրը, եթե լրատվական գործունեություն իրականացվում է որպես անհատ ձեռնարկատեր (ԱՁ), ապա նաև պետական հաշվառման համարը, եթե ԶԼՄ-ն տնօրինվում է իրավաբանական անձի կողմից, ապա լրիվ անվանումը, կազմակերպական-իրավաբանական ձևը, գրանցման համարը:

Փոփոխություններով առաջարկվում է նույնականացման տվյալների առկայությունը սահմանել նաև առցանց տիրույթում գործող ԶԼՄ-ների պարագայում:

Մյուս փոփոխությունն այն է, որ չնույնականացված աղբյուրներին հղում կատարելու կամ  նրանց տարածած տեղեկատվությունը տարածելու դեպքում լրատվամիջոցները չեն ազատվելու պատասխանատվությունից:

Պատգամավորներն առաջարկում են ամրագրել ֆինանսական թափանցիկության պահանջ, այդ հաշվետվության և նույնականացման տվյալների բացակայության դեպքում` ԶԼՄ ներկայացուցիչների հավատարմագրման դիմումները կարող են մերժվել: Հովհաննիսյանի խոսքով` նախագիծը քննարկվել է թե՛ ԵԱՀԿ, թե՛ ԵԽ, թե՛ հայաստանյան գործընկերների հետ և նախագիծը լրամշակվել է:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը նախագիծը բնորոշեց որպես ԶԼՄ-ների գործունեությունը կաշկանդող և սահմանափակող:

«Մենք ըստ էության ԶԼՄ-ների վրա դատավորա-քննչական, հետախուզական պարտականություն ենք սահմանում, որ բացահայտեն աղբյուրները, հետագայում պատասխանատվություն ենք սահմանում ԶԼՄ-ների նկատմամբ, երբ բուն աղբյուրն ինքը չէ»,- ասաց նա` հավելելով, որ ԶԼՄ-ների ազատությունը սահմանափակելու գործիքակազմ է ներդրվելու այս փոփոխություններով:

Նույն խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը հետաքրքրվեց, թե արդյոք նախագիծը քննարկվել է ԶԼՄ ներկայացուցիչների հետ, և արդյոք նպատակ չկա չնույնակացվող աղբյուր հասկացության հետ մեկտեղ փակել անանուն աղբյուրի խնդիրը:

«Մենք գիտենք, որ անանուն աղբյուրներին հղում անելիս ԶԼՄ-ները ազատված են որևէ պատասխանատվությունից, արդյոք սա չի տանում անանուն աղբյուրները փակելուն»,-հարցրեց նա:

Արթուր Հովհաննիսյանն արձագանքեց` իշխանությունը նման մտադրություն չունի, չեն ցանկանում սահմանափակել անանուն աղբյուրներից օգտվելու ԶԼՄ-ների իրավունքը: Ինչ վերաբերում է նախագծի վերաբերյալ քննարկումներին, Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ ԶԼՄ ներկայացուցիչների հետ նախագիծը չի քննարկվել, սակայն մեդիափորձագետների հետ քննարկվել է:

Նախագծի հարակից զեկուցմամբ հանդես եկավ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը և ողջունեց նախագծի լրամշակումները:

Նախարարը վստահեցրեց` նախագծում ոչ մի ավելորդ բեռ չի դրվելու ԶԼՄ-ների վրա` կախված անանուն աղբյուրների հետ:

«Մենք խնդիր ունենք, որ լրագրողները միշտ կարողանան օգտվել անանուն աղբյուրներից, և հստակ է, որ լրագրողը պարտավոր չէ անանուն աղբյուրը բացահայտել, բայց դա չի նշանակում, որ երբ լրագրողը չի բացահայտում անանուն աղբյուրը ազատվում է պատասխանատվությունից: Ամբողջ աշխարհի պրակտիկան հետևյալն է` դու կարող ես ունենալ անանուն աղբյուր, բայց անանուն աղբյուրի համար պատասխան տալիս է լրագրողը»,- ասաց նախարարը:

Կարեն Անդրեասյանը հստակեցրեց` նախագծով անանուն աղբյուրը բացահայտելու որևէ պահանջ չկա, ապա հավելեց` նախագծով առաջարկվում է պայքարել ֆեյքերի տարածած տեղեկությունների դեմ:

«Այս նախագիծը նրա մասին է, որ ֆեյքին հղում տալով՝ դու պատասխանատվությունից չես ազատվելու: Մենք ուզում ենք ԶԼՄ-ները զրպարտեն ու ոչ մի պատասխանատվություն չկրեն, թե՞ ուզում ենք, որ լինեն պատասխանատու և պատասխանատվություն կրեն կամ իրենց գրածի համար, կամ անունը բացահայտված աղբյուրների համար, կամ իրենք, եթե չեն ուզում բացահայտեն աղբյուրը»,- ասաց նա:

Անդրեասյանի խոսքով` այս փոփոխությունները որևէ կերպ չեն կարող բնորոշվել որպես ԶԼՄ-ների գործունեության դեմ քայլ:

Լիլիթ Գալստյանն առաջարկեց նախագծի քվեարկությունը հետաձգել, նախ քննարկում կազմակերպել ԶԼՄ ներկայացուցիչների հետ, լրամշակել, նոր քվեարկել, սակայն նախագծի հեղինակները չհամաձայնեցին: Նախագիծը դրվեց քվեարկության և ընդունվեց` ընդգրկվելով լիագումար նիստերի օրակարգում: