Ես Հայաստանում տեղի ունեցածը հեղափոխություն չեմ համարում: Այս մասին, այսօր՝ մայիսի 9-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը:
Նրա խոսքով, հեղափոխությունը պետաիրավական համակարգի փոփոխություն է, իսկ մեզ մոտ տեղի է ունեցել իշխանափոխություն, ԱԺ խմբակցություններից մեկի ներկայացուցիչը վարչապետի պաշտոնում փոխարինել է մեկ այլ ներկայացուցչին:
«Այն եզրույթը, որ օգտագործվում է «փոքրամասնության կառավարություն», սխալ է: Փոքրամասնության կառավարություն լինում է, երբ խորհրդարանում ոչ մեկը չունի մեծամասնություն եւ փոքրամասնություններից մեկն իր վրա է վերցնում պատասխանատվությունը: Այն, ինչ ունենք հիմա, անհասկանալի մոդել է, երբ ունենք մեծամասնություն եւ ունենք փոքրամասնություն ներկայացնող վարչապետ, իսկ դա վտանգներով լի է:
Սա նշանակում է, որ ամեն անգամ, երբ մեծամասնության որոշումը ձեռք չտա փոքրամասնության վարչապետին եւ կառավարությանը, նրանք պետք է մարդիկ դուրս բերեն փողոց եւ ճնշում գործդրեն պատգամավորների վրա՝ իրենց կամքին դեմ քվեարկելու: Սա ամեն ինչ է, բացի ժողովրդավարություն լինելուց: Սա վտանգներով լի է, որովհետեւ միշտ գտնվելու է մարդ, որը ավելի շատ մարդկ կարող է փողոց դուրս բերել այլ իրավիճակներում, այլ ժամանակներում»,-հայտարարեց Վիգեն Սարգսյանը: