00:00:00

Այս հեղափոխությունը ստիպեց ազատվել կեղծ ու սենտիմենտալ լոզունգներից

18:27, 09 մայիս 2018

Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի շնորհավորանքը Հաղթանակի օրվա առթիվ

Այս օրերին հասկանալի դարձավ, որ մենք ունենք հաղթանակների պատրաստ սերունդ: Մինչ այդ մեր ժողովուրդը հաղթանակներ է կերտել, բայց ավելորդ համեստության, ինչ-որ տեղ նաև քաղաքավարության ու փոքր ազգի նեղվածության բարդույթները չեն թողել յուրացնել և պահել հաղթողի դափնիները: Ուրախ եմ, որ նոր սերնդին խորթ է ամեն տարի ռուսական ալիքներով ՄԱՅԻՍԻ 9-ի շքերթ նայելիս՝ հիասթափվել, որ մեր մարշալների անունները չեն հնչում, իսկ օրինակ վրացի կապիտաններին բաժին են հասնում շնորհակալություններ և խոնարհումներ: Իրականություն է, որ հաղթեցինք անարդարության դեմ ատամները սեղմելու, պատերի տակ հիասթափության և նեգատիվի հառաչանքներ արձակելուց բացի այլ քայլեր չձեռնարկելու հայկական վարկածին: Կարևոր է, որ քաղաքակրթությունն ու բարձր գիտակցությունը ծնեց հաղթանակած քաղաքացիներ: Իրականություն է, որ հայրենիքի նկատմամբ պարտքի զգացումը չէր, այլ տիրոջ հոգեբանությունն էր, որ առաջնորդեց հետևողական լինել ձեռքբերածը պահպանելու հանդեպ: Համաժողովրդական ալիքը գործածությունից դուրս մղեց տառապանքից ծնված ասացվածքներ ու ասույթներ, ջախջախեց ժառանգաբար փոխանցվող զգուշության և ավելորդ համբերատարության մղող պապական խրատներ: Այս հեղափոխությունը ստիպեց վերանայել քանակի ու որակի սահմանները, ազատվել կեղծ ու սենտիմենտալ լոզունգներից: Հայրենական Մեծ Պատերազմից մինչ օրս ունեցած մեր հաղթանակների կերտողները երիտասարդներն են: Այսօրվա երիտասարդի համար բարոյական հաղթանակներով բավարարվելը ոչ միայն անհասկանալի է, այլև ներքին ընդվզման առիթ։ Շնորհավորում եմ բոլորիս, որ մեր երեխաները եկել են իրականություն դարձնելու անարդարության դեմ որոշիչ պայքարը: Նրանք մեզ հասկացրին, որ հնարավոր է ոչ միայն մեկուսի տառապել և կոլեկտիվ հառաչել, այլև փոխելու քայլ անել: Լուրջ վերանայման կարիք ունի նաև սեփական պատմության հերոսների սայթաքումների դեմ մինչ օրս հնչած միակ բողոքը՝ ԵՍ ՔՈ ՓՈԽԱՐԵՆ ԱՅԴՊԵՍ ՉԷԻ ՎԱՐՎԻ: Գործելու ժամանակներում ենք արդեն ապրում…

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր