00:00:00

Հայ ժողովրդի հաղթական ոգին Հայաստանին ու Արցախին բերելու է նոր հաջողություններ. Փաշինյան

14:55, 09 մայիս 2018

Այսօր հայ ժողովուրդը Հայաստանում, Արցախում եւ սփյուռքում կրկին վստահ է իր ուժերին, Շուշիի ազատագրման ոգին արթուն է մեր սրտերում եւ աչքերում: Այս մասին ասված է Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձում: Ուղերձում, մասնավորապես, նշվում է. «Հայրենական մեծ պատերազմում մեր նախնիների տարած հաղթանակն իսկապես պատմական էր։ Այդ հաղթանակն ու նրանով պայմանավորված խաղաղությունը նոր դռներ բացեցին մեր ժողովրդի համար եւ նոր հորիզոններ բացեցին նրա ստեղծագործ աշխատանքի, երկրի շենացման ու զարգացման համար: Հայ ժողովրդի բոլոր հատվածներն այդ հաղթանակին տվեցին այն ամենը, ինչ կարող էին եւ փառքով պսակեցին իրենց անունը երկրորդ աշխարհամարտի բոլոր ճակատներում, ինչպես նաեւ թիկունքում, պարտիզանական կռիվներում եւ դիմադրական շարժումներում։ Խորին ակնածանքով այսօր մենք մեր հարգանքն ու երախտագիտությունն ենք հայտնում մեր վետերաններին։ Այսօր մեզ համար կրկնակի տոն է։ Մենք տոնում ենք Շուշիի ազատագրման հերթական տարեդարձը։ Այդ փառավոր հաղթանակը սոսկ ռազմական հաջողություն չէր։ Դրանով արցախահայությունը փրկվեց բնաջնջման վտանգից եւ ձեռք բերեց խաղաղ ապրելու հեռանկար։ Այսօր մենք գլուխ ենք խոնարհում մեր բոլոր նահատակների հիշատակի առջեւ եւ հավաստիացնում, որ անհատի եւ ազգի ազատության ոտնահարումը չի հանդուրժվելու։ Չի հանդուրժվելու, որովհետեւ մեր ժողովուրդն ունի մարդասիրական իդեալներ, ազատասեր ոգի, ինչպես նաեւ միասնական կամք՝ պաշտպանելու այդ իդեալները։ Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխությունը, նրա համաժողովրդական ընդգրկումը եւս մի անբեկանելի ապացույց է, որ մենք ունենք հստակ պատկերացում, թե ինչ են ազատությունը, ժողովրդավարությունը եւ խաղաղասիրությունը։ Այսօր հայ ժողովուրդը Հայաստանում, Արցախում եւ սփյուռքում կրկին վստահ է իր ուժերին, Շուշիի ազատագրման ոգին արթուն է մեր սրտերում եւ աչքերում։ Չեմ կասկածում, որ վերջին իրադարձություններով ավելի ամրապնդված հայ ժողովրդի հաղթական ոգին Հայաստանին ու Արցախին բերելու է նոր հաջողություններ։ Հայ ժողովուրդը վստահ քայլում է իր երազանքների իրականացման ճանապարհով։ Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս փառապանծ տոնի առթիվ եւ մաղթում խաղաղ երկինք, արդար ու արդյունավետ աշխատանք՝ ի փառս մեր երկրի եւ ի բարօրություն մեր ժողովրդի»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր