00:00:00

Արման Թաթոյանը Շվեդիայի ազգային դատարանների վարչության պատվիրակությանը ներկայացրել է ՀՀ դատական համակարգի խնդիրները

22:34, 27 սեպտեմբեր 2021

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Շվեդիայի ազգային դատարանների վարչության պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում դատարանների կարողությունների զարգացմանն ուղղված նախատեսվող ծրագրի մանրամասները, որն իրականացվելու է Շվեդիայի դատական համակարգի հետ։ Արման Թաթոյանն անդրադարձել է դատական համակարգում առկա խնդիրներին, շեշտել է, որ կան առանձին դատավորներ, որոնք իրենց պահվածքով վնասում են  դատական համակարգի հեղինակությունը: Չնայած սրան, խնդիրների լուծմանը պետք է հասնել իրավական ճանապարհով՝ խրախուսելով օրինապահ ու անկախ դատավորներին։ Պաշտպանն անդրադարձել է նաև դատարաններում քննվող գործերի ձգձգումների անթույլատրելի պրակտիկային: Նա նշել է, որ  ստացված բողոքների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դատարաններում գտնվող գործերի քննությունը տարիներ է տևում, որի արդյունքում խախտվում է դատարանի կողմից անձանց գործի ողջամիտ ժամկետում քննության սահմանադրական իրավունքը, իսկ նման դեպքերում նրանց խախտված իրավունքի վերականգնման արդյունավետ կառուցակարգեր առկա չեն: Խնդիրը լուծում չի ստացել նաև Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցի հրապարակումից և Սահմանադրական դատարան դիմելուց հետո: Նա տեղեկացրել է նաև, որ բողոքի ուսումնասիրության կամ քննարկման ընթացքում իր իրավասությունների շրջանակում Պաշտպանը լիազորված է դիմելու դատական իշխանության` դատական պրակտիկայի ամփոփման համար պատասխանատու մարմիններին` դատական պրակտիկայում առաջացող իրավական հարցերի վերաբերյալ խորհրդատվական բնույթի պարզաբանումներ ստանալու նպատակով, ինչպես նաև առաջարկներ ներկայացնելու դատական պրակտիկայի կատարելագործման վերաբերյալ: Պաշտպանը կարևորել է Բարձրագույն դատական խորհրդի դերը, հատկապես՝ դատարանների հանդեպ ինստիտուցիոնալ վստահության բարձրացման հարցում և ընդգծել ԲԴԽ-ի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը: Հանդիպմանը կողմերը պատրաստակամություն են հայտնել զարգացնել համագործակցությունը ծրագրի շրջանակում դատական համակարգի կատարելագործման ուղղությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր