ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության, ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի, ՀՀ դատախազության, ՀՀ ոստիկանության և ՀՀ ՊԵԿ աշխատակիցների կողմից համատեղ իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված չարաշահումների դեպքերի հանգամանքները: Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանը, փաստացի ղեկավարելով «Սթոնս» ՍՊ ընկերության գործունեությունը, 2016թ. հունիսի 10-ից օգոստոսի 8-ն ընկած ժամանակահատվածում միաժամանակ հանդիսանալով «Սթոնս» ՍՊ ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատեր, ընկերության աշխատանքներն իր հետ համակարգող Սուրեն Ավագյանի և Գուրգեն Սարգսյանի հետ միասին, «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի «М1 Թալինից Գյումրի ճանապարհի վերակառուցում և բարելավում» ենթածրագրի շրջանակներում, Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարական աշխատանքներն իրականացնող կապալառու «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչների դրդմամբ, համաձայնություն է ձեռք բերել՝ «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղին առանց ծառայությունների մատուցման հարկային հաշիվներ դուրս գրելու միջոցով ընկերությունից ֆինանսական միջոցներ դուրս բերելու և այդ միջոցով ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելուն օժանդակելու շուրջ, որն իրականացնելու նպատակով «Սթոնս» ՍՊ ընկերության աշխատանքն իր հետ համակարգող Սուրեն Ավագյանի և Գուրգեն Սարգսյանի հետ 2016թ. հունիսի 8-ին կազմակերպել է ծրագրի շրջանակներում Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարական աշխատանքների մասով «Սթոնս» ՍՊ ընկերության և «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊ ընկերության միջև խորհրդատվական ծառայություններ մատուցելու վերաբերյալ 2 պայմանագրերի կնքումը:
Պայմանագրերի կնքումից հետո, մինչև 2017թ. դեկտեմբերի 25-ը ներառյալ «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից «Սթոնս» ՍՊ ընկերության հաշվին վճարման հանձնարարագրերով որպես կանխավճար փոխանցել է ընդհանուր 1.139.665.469 ՀՀ դրամին համարժեք՝ 681.705 Եվրո և 1.652.277 ԱՄՆ դոլար, որը միախառնվել է ընկերության հաշվին առկա այլ գումարներին:
Նշված պայմանագրերի շրջանակներում իբրև թե ստանձնած պարտավորությունների իրականացման համար պատրանք և փաստաթղթային հիմքեր ստեղծելու, «Սթոնս» ՍՊ ընկերության հարկային պարտավորությունները անհիմն նվազեցնելու, ինչպես նաև ծառայությունների մատուցման և համագործակցության կեղծ պայմանագրերի հիմքով ստացված առանձնապես խոշոր չափերի՝ 1.139.665.469 ՀՀ դրամի հանցավոր ծագման աղբյուրը և իրական բնույթը խեղաթյուրելու նպատակով, Սեդրակ Առուստամյանի, Սուրեն Ավագյանի և Գուրգեն Սարգսյանի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Գուրգեն Սարգսյանի և ընկերության գլխավոր հաշվապահի կազմակերպմամբ, «Սթոնս» ՍՊ ընկերության երկու աշխատակցուհիների հետ նախնական համաձայնությամբ, վերջիններիս կողմից դրամական վարձատրություն ստանալու պայմաններում, առանց ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու նպատակի, 2016թ. հոկտեմբերի 10-ին և 2016թ. նոյեմբերի 11-ին հիմնադրվել են համապատասխանաբար «ԷՄ-ԷՍ Քոնսալթինգ» և «Գևորգյան Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունները, որոնց հետ «Սթոնս» ՍՊ ընկերությունը նույն ժամանակահատվածում կնքել է, իբրև թե, խորհրդատվական ծառայություններ ձեռք բերելու վերաբերյալ պայմանագրեր:
«Գևորգյան Քոնսալթինգ» և «ԷՄ-ԷՍ Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունների տնօրենները, գործելով Գուրգեն Սարգսյանի և ընկերության գլխավոր հաշվապահի հանձնարարությամբ, պայմանագրերի շրջանակներում չկատարելով աշխատանքներ, այլ փաստացի աշխատելով «Սթոնս» ՍՊ ընկերությունում, գլխավոր հաշվապահի հետ «ԷՄ-ԷՍ Քոնսալթինգ» և «Գևորգյան Քոնսալթինգ» ՍՊ ընկերություններին որպես կանխավճար փոխանցված գումարներից, որպես իրենց խոստացված վարձատրություն, պահել են համապատասխանաբար 12 մլն և 8 մլն ՀՀ դրամը: Հանցավոր ճանապարհով ստացված դրամական միջոցների կանխիկացումներն օրինական քողի ներքո ներկայացնելու համար ընկերության գործունեությունից, իբր, առաջացող որպես հարկեր վճարման ենթակա 9.200.000 և 8.700.000 ՀՀ դրամ գումարները, իսկ մնացած 118.800.000 և 108.100.000 ՀՀ դրամ գումարները՝ ընդհանուր 226.9 մլն ՀՀ դրամ գումարը՝ 2016թ. հոկտեմբերից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում որպես ընկերության կարիքների համար այլ ծախսեր ձևակերպելով և կանխիկացնելով, առձեռն փոխանցել են Սեդրակ Առուստամյանին, ով ստացել և տիրապետել է դրանք:
Շարունակելով հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելուն ուղղված գործողությունները` ընկերության գլխավոր հաշվապահը, Սեդրակ Առուստամյանի, Գուրգեն Սարգսյանի և Սուրեն Ավագյանի միջև ձեռք բերված հանցավոր պայմանավորվածության համաձայն, վերջիններիս ցուցումով, «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղից հանցավոր ճանապարհով ստացված դրամական միջոցներից ընդհանուր 603 մլն ՀՀ դրամի ծագման աղբյուրը և իրական բնույթը խեղաթյուրելու՝ դրանք օրինականացնելու նպատակով ձևակերպել է որպես դիվիդենտ-շահաբաժին և 2016թ. սեպտեմբերից մինչև 2017թ. դեկտեմբերը նշված պատրվակով բանկում կանխիկացնելով՝ ամբողջությամբ փոխանցել է Սեդրակ Առուստամյանին, որը ստացել և տիրապետել է դրանք, որից հետո կատարված գործարքներին օրինական տեսք տալու նպատակով, մնացած գումարներն ուղղել է գործարքների արդյունքում առաջացած հարկային պարտավորությունների կատարմանը:
Բացի այդ, ընկերության գլխավոր հաշվապահը, վերը նշված հանցավոր գործողությունների արդյունքում «Սթոնս» ՍՊ ընկերությունում ստացված գումարներն իբրև թե «Սթոնս» ՍՊ ընկերության կողմից «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի շրջանակներում ստանձնած պայմանագրային պարտավորությունների կատարման նպատակով ծախսված լինելու հանգամանքները հիմնավորելու, հանցանքի հետքերը թաքցնելու նպատակով, արդեն իսկ կազմված, լրացված և հարկային ծառայության կողմից վավերացված՝ «Սթոնս» ՍՊ ընկերության դրամարկղային գիրքը կեղծելու դիտավորությամբ, պայմանավորվածություն է ձեռք բերել պոլիգրաֆիական արտադրանքի տպագրությամբ զբաղվող Ա/Ձ աշխատակցուհու հետ՝ «Սթոնս» ՍՊ ընկերության դրամարկղային գիրքը կեղծելու շուրջ: Պայմանավորվածության համաձայն՝ «Սթոնս» ՍՊ ընկերության դրամարկղային գիրքը 2020թ. փետրվարի 1-ին տրամադրել է վերջինիս, որն այդ գրքի՝ արդեն նախորդող ժամանակահատվածում ընկերության գանձապահի ու հաշվապահի կողմից կազմված ու ստորագրություններով հաստատված 32-ից 50-րդ թերթերը փոխարինել է գլխավոր հաշվապահի կողմից տրամադրված դրամարկղային գրքի նոր՝ դատարկ թերթերով, այնուհետև փոխարինված կեղծ դրամարկղային գիրքը փետրվարի 7-ին վերադարձրել է գլխավոր հաշվապահին: Վերջինս նշված, դրամարկղային գրքերում կատարել է կեղծ լրացումներ և 2020թ. ապրիլի 16-ին դրամարկղի գիրքը ներկայացրել է վարույթն իրականացնող մարմնին:
Հաջորդ օրը՝ մարտի 3-ին, «Սթոնս» ՍՊ ընկերության գլխավոր հաշվապահին պատկանող ՍՊ ընկերության գրասենյակում տեղի է ունեցել հանդիպում, որի ժամանակ տեսուչները ՍՊ ընկերության տնօրենի օգտին իրենց լիազորությունների շրջանակներում գործողություններ չկատարելու՝ հայտնաբերված իրավախախտումները չարձանագրելու և լրացուցիչ հարկային պարտավորություններ չառաջացնելու համար, վերջինիցս որպես կաշառք պահանջել են առանձնապես խոշոր չափերով՝ 14.807.400 ՀՀ դրամին համարժեք 30.000 ԱՄՆ դոլար գումար: ՍՊԸ տնօրենն ընդունելով առաջարկը՝ միաժամանակ հայտնել է, որ պահանջված գումարը կվճարի մաս-մաս՝ խոստանալով առաջին մասը տալ ստուգման զրոյական ակտը ստանալու օրը: Համաձայնելով առաջարկի հետ՝ տեսուչներից մեկը հաշվապահական հաշվառումն իրականացնող ՍՊԸ տնօրենին դրդել է 2020թ. փետրվարի 19-ի թվագրմամբ կազմել գույքագրման նոր ակտ և ընկերության մնացորդը նշել հաշվապահական հաշվառման տվյալներին համապատասխան՝ հայտնաբերված պակասորդը քողարկելու, հետևաբար նաև այն չարձանագրելու, այդ հիմքով տուգանք չկիրառելու համար:
Նշված ստուգման ակտը կազմելուց հետո, այն ՍՊԸ տնօրենի ստորագրմանը ներկայացնելու և պայմանավորված կաշառքի գումարի մի մասը ստանալու նպատակով ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում, 2020թ. մարտի 20-ին Երևան-Սևան ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում ՍՊԸ տնօրենը հանդիպել է տեսուչներից մեկին, նրան փոխանցել խոստացած կաշառքի գումարի մի մասը, իսկ վերջինս ՍՊԸ տնօրենին է փոխանցել խախտումներ չհայտնաբերելու մասին ստուգման ակտը: Կաշառքի գումարը փոխանցելուց անմիջապես հետո ՍՊԸ տնօրենը և տեսուչներից մեկը բռնվել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից:
Որպես «Սթոնս» ՍՊ ընկերության՝ վերոնշյալ ղեկավարների և աշխատակիցների կողմից կատարված հանցավոր գործողությունների արդյունքում առաջացած վնասի հատուցման երաշխիք՝ ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին փոխանցվել է 1 մլրդ.դրամ:
Ինչ վերաբերում է ՀՀ ՊԵԿ երկու գլխավոր հարկային տեսուչներին և ՍՊ ընկերության տնօրենին, ավելի վաղ տեղեկացրել ենք, որ նրանց մեղադրանքներ են առաջադրվել, նախաքննությունն ավարտվել է և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան: