Հոկտեմբերի 17-ին կայանալիք Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օրինակով ցուցակում ներառել է խնամի- բարեկամ- ծանոթներին։ Ինչպես հայտնի է Գյումրու գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը բավականին «սկզբունքային» գործիչ է, և մի քանի կուսակցություն փոխելուց հետո այս անգամ մամուլի հրապարակումների համաձայն մերժել է իշխանության առաջարկությունը և, որի արդյունքում ՔՊ-ն ընտրություններին հանդես է գալիս մարզպետի դեմքով։ Բալասանյանը, ով ի դեպ Գյումրու օրվա միջոցառումներին անգամ չի մասնակցել, նախընտրական ցուցակում չկա, բայց թիմակիցներին դա չի խանգարել հանդես գալ «Բալասանյան դաշինքով»։
«Բալասանյան դաշինքը» ընտրություններին մասնակցող տասը քաղաքական ուժերից ամենաշատ թեկնածուներ է առաջադրել, ցուցակը բաղկացած է 42 թեկնածուից։ Ցուցակում հիմնականում քաղաքապետարանի աշխատակիցներ են, մանր ու միջին գործարարներ, Բալասանյանին պատկանող գարեջրի գործարանի աշխատակիցներ, մանկապարտեզների տնօրեններ։
Irakanum.am-ը տեղեկացրել էր, որ այս դաշինքի քաղաքապետի թեկնածուն Բալասանյանի աշխատողն է՝ Վարդգես Սամսոնյանը։ Նա Գյումրի համայնքի «Գյումրու կոմունալ ծառայություն» համայնքային բյուջետային հիմնարկության տնօրենն է։
Ցուցակի երկրորդ տեղում դարձյալ Բալասանյանի աշխատողն է՝ Գյումրու փոխքաղաքապետ Հայկ Սուլթանյանն է։ 3-րդ տեղում էլ Բալասանյանը որոշել է բաժին հանել այս անգամ իր ընտանիքին պատկանող «Գյումրի գարեջուր» ՍՊԸ փոխտնօրեն Լուսինե Սանոյանին։ Բացի այն, որ Լուսինե Սանոյանը Բալասանյանի օբյեկտում է աշխատում, նա նաև Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանի դուստրն է՝ Սամվել Բալասանյանի քրոջ դուստրը։
«Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության ցուցակի 4-րդ տեղում ավագանու գործող անդամ, անկուսակցական Մխիթար Սահակյանն է, որին հաջորդում է Գյումրու ավագանու գործող անդամ, Վահան Հունանյանը՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ճարտարագետ-չափագետը։ Նախընտրական ցուցակում տեղ է գտել նաև «ՌՏ թրեյդինգ» ՍՊ տնօրենը՝ Տիգրան Հովհաննիսյանը։
Ցուցակում են նաև «Գյումրու գարեջուր» ՍՊԸ-ի հաշվետար Նաիրա Պողոսյանն ու «Գյումրի գարեջուր» ՍՊԸ-ի հավաքակայանի վարիչ Գևորգ Պասկևիչյանը։
Ավագանու ցուցակում է նաև Բալասանյանի մամուլի քարտուղարը՝ Սոնա Առաքելյանը։ Տեղ են գտել նաև քաղաքապետարանի այլ աշխատակիցներ։
Ցուցակում կան նաև մանկապարտեզների վարիչներ՝ «Զանգակ» ՀՈԱԿ-ի տնօրեն Սիրանուշ Մելքոնյանը, «Լուսաստղիկ» ՀՈԱԿ-ի տնօրեն Լիլիթ Ավետիսյանը, «Անի պարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն Արփենիկ Արաքչյանը և «Ծիածան» ՀՈԱԿ-ի մեթոդիստ Մելանյան Մկրտչյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում տեղ գտած անձանց մասին հրապարակումն՝ այստեղ։
Հաջորդիվ կներկայացնենք նաև ընտրություններին մասնակցող մյուս քաղաքական ուժերի նախընտրական ցուցակները։
Irakanum.am