Միայն ազգային նոր իշխանության ձևավորման դեպքում է հնարավոր լուծել անվտանգային հարցերն ու ապահովել արժանապատիվ խաղաղություն: Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաստան» դաշինքը:
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Գորիս–Կապան ճանապարհահատվածի Որոտան–Շուռնուխ միջակայքում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Օգտվելով ՀՀ իշխանությունների թողտվությունից և հանցավոր անգործությունից՝ Ադրբեջանն այդտեղ ոստիկանական ու մաքսային կետեր է տեղադրել։ Լրջագույն խնդիրներ են առաջացել ռազմավարական նշանակություն ունեցող Իրան–Հայաստան միջպետական ճանապարհի գործարկման առումով։ Իրանից եկող բեռնատարներից Ադրբեջանը մաքսատուրք է գանձում։ Ձերբակալվել են իրանցի երկու վարորդներ, որոնց ճակատագիրը հայտնի չէ։ Հոգեբանական ճնշումների են ենթարկվում այդ ճանապարհով երթևեկող ՀՀ քաղաքացիները, այդ թվում՝ անչափահասները։
Պաշտոնական Երևանն օրինական է համարում ադրբեջանցիների գործողությունները՝ հղում անելով սովետական Ադրբեջանի քարտեզներին և Գորիս–Կապան ճանապարհի վերը նշված մասը համարելով ադրբեջանական։ ՀՀ իշխանությունների այս հակապետական վարքագիծն է՛լ ավելի է լկտիացնում Բաքվին ու դրդում ադրբեջանցիներին նոր սանձարձակությունների։ Այսպես շարունակվելու դեպքում Իրան–Հայաստան միջպետական M2 ճանապարհահատվածը գործնականում կդադարեցնի իր ֆունկցիոնալությունը՝ ՀՀ անվտանգության համար առաջացնելով լրջագույն մարտահրավերներ։