Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Ժամը 18:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանից դեպի Քանաքեռավան տանող Կորեայի ձորի ոլորանապտույտ հատվածում ավտոմեքենան ընկել է ձորը:
Բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել Nissan Versa-ով մոտ 150 մետր ձորը գլորված մեքենայի վարորդ ներկայացած, 30-ամյա Գրիգոր Սարգսյանին. վերջինը բժիշկների կողմից բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց՝ հայտնելով, որ իրեն լավ է զգում:
Հրշեջ-փրկարարները, մեծ դժվարությամբ իջնելով ավտոմեքենայի մոտ, փակել են գազաբալոնի փականն ու հոսանքազրկել այն:
Օպերատիվ են գործել նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2 –րդ վաշտի ավագ պարեկներ Ռոբերտ Եղիազարյանն ու Ռազմիկ Ղարիբյանը:
Վերջիններս տեղում նաև ուժեղացված ծառայություն են իրականացրել, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա:
Փաստի առթիվ պարեկ Ռ. Եղիազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: