00:00:00

Հայաստանում այսօր նոր վարչապետի ընտրություններ են. միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է

15:16, 08 մայիս 2018

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հատուկ նիստում մայիսի 8-ին տեղի կունենան ՀՀ վարչապետի ընտրությունները: Առաջադրված միակ թեկնածուն ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն է: Նիստը կմեկնարկի 12:00-ին: Փաշինյանն առաջադրվել է պատգամավորների թվի 1/3-ից ավելի՝ 41 ստորագրությամբ: Նրա առաջադրմանն ու թեկնածությունը սատարելու մասին հայտարարել են «Ելք» խմբակցությունը՝ 9 պատգամավոր, «Ծառուկյան» խմբակցությունը՝ 31 պատգամավոր և ՀՅԴ-ն՝ 6 պատգամավոր (խմբակցության 7 պատգամավորներից մեկը՝ Աղվան Վարդանյանը վարչապետի ընտրության առաջին փուլում, դեմ գնալով խմբակցության՝ կողմ քվեարկելու որոշմանը, հայտարարեց չքվեարկելու մասին, նա մանդատը վայր է դրել կուսակցության պահանջով): Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ընտրվելու համար Փաշինյանը պետք է 105 պատգամավոր ունեցող խորհրդարանում ստանա առնվազն 53 ձայն: Վարչապետի ընտրությունն անցկացվում է անվանական քվեարկությամբ: ՀՀ նախագահն անհապաղ վարչապետ է նշանակում Ազգային ժողովի կողմից ընտրված թեկնածուին: Վարչապետի ընտրության առաջին փուլը տեղի ունեցավ մայիսի 1-ին, որտեղ, սակայն, վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն՝ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ընտրվելու համար չստացավ բավարար թվով ձայներ (45 դեմ և 56 կողմ): Խորհրդարանական մեծամասնություն (58 պատգամավոր) ունեցող ՀՀԿ-ն մայիսի 1-ի ընտրությունից հետո հայտարարեց, որ վարչապետի ընտրության երկրորդ փուլում կպաշտպանի պատգամավորների մեկ երրորդի (35 պատգամավոր) կողմից առաջադրված թեկնածուին, և այդ օրը Հայաստանը կունենա վարչապետ: Համաձայն ՀՀ Սահմանադրության՝ Կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում: Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում Հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետների եւ նախարարների թեկնածուներին: Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում Կառավարության ծրագիրը: ԱԺ-ն Կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Եթե ԱԺ-ն հավանություն չի տալիս Կառավարության ծրագրին և չի ընտրում նոր վարչապետ, ապա ԱԺ-ն արձակվում է իրավունքի ուժով: Եթե Ազգային ժողովն ընտրում է վարչապետին, սակայն կրկին հավանություն չի տալիս Կառավարության ծրագրին, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: Ապրիլի 17-ին Ազգային ժողովի կողմից վարչապետ ընտրված Սերժ Սարգսյանը երկրում սկսված ակցիաների պատճառով ապրիլի 23-ին հայտարարեց պաշտոնից հեռանալու մասին: Համաձայն ՀՀ Մայր օրենքի՝ եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ երկրորդ անգամ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով և նշանակվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր