Իշխանական դաշտում վերադասավորումները շարունակվում են։ Սահմանադրական դատարանը ամենայն հավանականությամբ վաղը իր վերջնական որոշումը կկայացնի ընտրությունների արդյունքների վերաբերյալ, որից հետո էլ՝ մանդատների բաշխումը կկայանա։ Նորընտիր խորհրդարանի առաջին նիստն էլ նախատեսված է այս ամսվա վերջ, որի ժամանակ էլ օրենսդիրը վարչապետ է ընտրելու և կձևավորվի նոր կառավարություն։
Այս ընթացքում կադրային որոշ փոփոխություններ արդեն իսկ արվել են։ Մասնավորապես Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին փոխարինել է Արգիշտի Քյարամյանը։ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ նշանակվել է ԱԳ նախարարի առաջին տեղակալ։ Հայաստանը տևական ժամանակ է Արտաքին գործերի նախարար չունի և տեղեկությունների համաձայն Արմեն Գրիգորյանը առաջիկայում կստանձնի նախարարի պաշտոնը։
Կառավարության կազմում հնարավոր այլ փոփոխություններ ևս կլինեն։ Մասնավորապես փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը չի շարունակի աշխատանքը գործադիրում։ Մյուս փոխվարչապետը՝ Մհեր Գրիգորյանը կվերանշանակվի։ Նախարարներից Անահիտ Ավանեսյանը ևս կմնա Առողջապահության գերատեսչության ղեկավար։ Պաշտպանության նախարար Վաղարշակ Հակոբյանին ևս այլ անձով փոխարինելու որոշում իշխանությունը չունի։ Ինչ վերաբերում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանին, ապա նա ամենայն հավանականությամբ կնշանակվի Տիգրան Ավինյանի փոխարեն՝ փոխվարչապետ։ Պապիկյանի փոխարեն էլ այդ գերատեսչություն կտեղափոխվի Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը։ Վերջինիս փոխարեն էլ նախարար կնշանակվի Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ Հայկ Չոբանյանը կշարունակի պաշտոնավարել Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարարի պաշտոնում։ ԿԳՄՍ նախարարի փոփոխություն ևս Նիկոլ Փաշինյանը մտադիր չէ իրականացնել։
Ինչ վերաբերում է Կառավարությանն առընթեր մարմիններում, ապա այս հարցում իշխանությունը վերջնական որոշում չունի։ Մասնավորապես Ոստիկանապետի, ԱԱԾ տնօրենի փոփոխության հարց չի քննարկվել։
Ինչ վերաբերում է ԱԺ նախագահությանը, ապա հստակ է, որ 8-րդ գումարման ԱԺ-ի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջադրելու է Ալեն Սիմոնյանի թեկնածությունը։ Փոխնախագահ կլինի Ռուբեն Ռուբինյանը։
Ավելի վաղ էլ Արայիկ Հարությունյանը նշանակվել էր Կառավարության աշխատակազմի ղեկավար, փոխարինելով Արսեն Թորոսյանին։ Վերջինս կվերցնի պատգամավորական մանդատը։
Irakanum.am